Բ Տիմոթեոսին 4. 1-8 Ուրբաթ | Օգոստոս 21
… քո պաշտո՛նը կատարիր։ Բ Տիմ. 4.5
ՀԱՎԱՏԱՐԻՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հինգշաբթի օրը եկեղեցու դահլիճում մետաղյա ծալովի աթոռներին նստած էին սգավոր մարդիկ։ Ընթանում էր հուղարկավորության արարողություն։ Անսովոր էր տեսնել, որ քարոզիչը հայտնի ավետարանիչ էր: Նա սովորաբար քարոզում էր մարզադաշտերում՝ հազարավոր մարդկանց առջև, իսկ այժմ նրան լսում էր ընդամենը քսան մարդ։ Սակայն նա խոսում էր նույն ոգևորությամբ և նվիրվածությամբ, ինչպես կխոսեր բազմության առջև։
Պողոսն իր երիտասարդ ծառայակից Տիմոթեոսին գրում էր. «Քարոզի՛ր Աստծու խոսքը՝ պատեհ թե անպատեհ առիթով ... քո պաշտո՛նը կատարիր» (Բ Տիմ. 4.2-5)։ Այլ կերպ ասած՝ ծառայիր ոչ միայն մեծ միջոցառումների ժամանակ, երբ բեմերն ու դահլիճները լի են մարդկանցով, այլև եկեղեցու առօրյա, սովորական ծառայություններում։ Քարոզի՛ր նույնիսկ այն ժամանակ, երբ քո խոսքերը չեն պահպանվելու ապագա սերունդների համար։ Կատարի՛ր այն գործերը, որոնք գուցե շատերի ուշադրությունից դուրս մնան։ Բայց ինչ էլ որ անես, արա՛ հավատարմությամբ և ամբողջ սրտով, որովհետև կա Մեկը, Ով տեսնում է ամեն ինչ։ Պողոսը Տիմոթեոսին գրում է, որ այս խոսքերն ասում է «Աստծու և Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է ողջերին ու մեռածներին» (հ. 1)։ Գուցե ձեր ծառայությունը փոքր է թվում, բայց այն, ինչ անում եք, մեծ արժեք ունի, որովհետև այն ձեզ վստահել է հենց Տեր Հիսուսը։ Ծառայե՛ք Նրան՝ ապավինելով Սուրբ Հոգու զորությանը։ Եթե խոնարհությամբ և հավատարմությամբ ծառայեք մարդկանց, ձեր կյանքով կփառավորեք Աստծուն։ Իսկ դրանից ավելի կարևոր ի՞նչ կարող է լինել։
Ինչպե՞ս ենք վերաբերվում այն ծառայությանը, որն Աստված վստահել է մեզ այսօր։ Ինչպե՞ս է Նա ցանկանում, որ մենք կատարեք այդ ծառայությունը։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ այսօր հավատարմությամբ ծառայել Քեզ և մարդկանց՝ ամեն ինչ անելով Քո փառքի համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 107-109, Ա Կորնթացիներին 4