.
2026թ., Օգոստոսի 19

Սաղմոսներ 81.1-10                                                                      Չորեքշաբթի   |   Օգոստոս 19

 

Նրա թիկունքը հեռացրի բեռից, և նրա ձեռքերը ազատվեցին քթոցից։ Սաղմ. 81.6

 

ԱԶԱՏ ԲԵՌԻՑ

 

Մի ծառայող պատմում էր, որ յուրաքանչյուր կիրակի եկեղեցու մաքրությունն անելիս նստարաններից մեկի մոտ հաճախ գտնում էր ճմրթված թղթի փոքրիկ կտորներ։ Մի քանի շաբաթ անց նա որոշեց բացել դրանցից մեկը և տեսավ, որ այնտեղ գրված է անկեղծ մի աղոթք։ Հուզված՝ նա հարցրեց այդ շարքում նստող կնոջը, թե արդյոք այդ աղոթքներն իրենն են։ Կինը պատասխանեց․ «Այո՛։ Ես դրանք գրում եմ եկեղեցում և տուն չեմ տանում։ Թողնում եմ այստեղ՝ Աստծուն»։

Այդ օրվանից հետո ծառայողը կնոջ աղոթքները հավաքըմ էր բոլորովին այլ զգացումով և նույնիսկ սկսեց ինքն էլ աղոթել նրա համար։ Նա վարվեց այնպես, ինչպես հին ժամանակների սաղմոսերգուները, որոնք տաճար եկող մարդկանց հիշեցնում էին, որ Աստված լսում է նրանց աղոթքները և թեթևացնում նրանց բեռը: 81-րդ սաղմոսում Ասափը կոչ է անում Աստծո ժողովրդին երկրպագել և շնորհակալություն հայտնել Տիրոջը, քանի որ Նա ազատում է նրանց տառապանքներից։ «Վկայություն դրեց սա Հովսեփի մեջ, երբ նա դուրս էր գալիս Եգիպտոսի երկրի դեմ. լսում էի լեզուն, որը չգիտեի։ Նրա թիկունքը հեռացրի բեռից, և նրա ձեռքերը ազատվեցին քթոցից»: Տերը փրկում է նրանց, ովքեր աղաղակում են Իրեն (Սաղմ. 81.5-7)։

Թեև Ասափը խոսում է Իսրայելին եգիպտական ստրկությունից ազատելու մասին, այս խոսքերը կարող ենք նաև մեր կյանքի համար կիրառել, քանի որ այսօր էլ Աստված նույնքան զորավոր է փրկելու և ազատելու։ Եկե՛ք մեր բեռը հանձնենք Նրան՝ գրի առնելով մեր աղոթքները թղթի վրա կամ պարզապես մեր սրտում ու մտքում բարձրացնելով դրանք դեպի երկնային Գահը։ Տերը լսում է և փրկում։

 

Ինչպե՞ս կարող է նման փորձառությունը օգնել մեզ ավելի խորացնել մեր աղոթքի կյանքը։ Ի՞նչ անհանգստություններ կարող ենք այսօր վստահել Աստծուն։          

 

Աղոթք –Տե՛ր, շնորհակալ եմ, որ թեթևացնում ես իմ ծանր բեռը։ Դու զորավոր ես, ամենակարող և սիրող։ Ես ապավինում եմ Քեզ։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 103-104, Ա Կորնթացիներին 2