Մարկոս 6.30-34 Երեքշաբթի | Օգոստոս 18
Հիսուսն ասաց նրանց. «Դուք առանձին մի ամայի տե՛ղ եկեք ու մի քիչ հանգստացե՛ք»։ Մարկ. 6.31
ԴԱԴԱՐ
BBC-ի հաղորդավարուհի Ջեմմա Հանտը և իր ամուսինն այնքան էին հոգնել, որ այլևս չէին կարողանում լիարժեք կատարել իրենց աշխատանքը։ Այդ ժամանակ նրանց ծանրաբեռնվածությունը չափազանց մեծ էր։ «Մեզ շտապ անհրաժեշտ էր կյանքի ավելի առողջ ռիթմ, ուստի որոշեցինք դանդաղեցնել ընթացքը, - կիսվում է Ջեմման, - այսինքն՝ չփորձել ամեն ինչ անել մեկ օրվա ընթացքում, ժամանակ հատկացնել հանգստին և, ամենակարևորը, ժամանակ գտնել մեր Երկնային Հոր հետ հաղորդակցվելու համար»։
Մեզնից շատերին ծանոթ է այսպիսի խառնաշփոթն ու շտապողականությունը։ Նոր գործերն ու պարտականությունները հաճախ են հայտնվում մեր առջև, նախքան կհասցնենք ավարտել նախորդները։
Հիսուսի ծառայությունն էլ երբեմն նման իրավիճակում էր հայտնվում։ Երբ առաքյալները վերադարձան իրենց միսիոներական ճանապարհորդությունից, նրանց մոտ այնքան շատ մարդիկ էին հավաքվել, «որ նույնիսկ ուտելու ժամանակ չունեին»։ Այդ պատճառով Հիսուսն ասաց աշակերտներին. «Դուք առանձին մի ամայի տե՛ղ եկեք ու մի քիչ հանգստացե՛ք» (Մարկ. 6.31)։ Այս կերպ Նա ցույց տվեց, որ կարևոր է իմաստությամբ հավասարակշռել ծառայությունը, աշխատանքը և սեփական հոգու ու մարմնի խնամքը։
Աշակերտները գնացին «մի առանձնացած վայր», որտեղ կարող էին պարզապես լինել Աստծո հետ և չվազել մի գործից մյուսը (հ. 32)։ Դա նրանց շատ էր անհրաժեշտ։ Սակայն նույնիսկ հանգստանալու ժամանակ մարդկանց բազմությունը շարունակում էր հավաքվել նրանց շուրջը (հ. 33)
Քրիստոսի կոչը՝ «դանդաղելու» և կանգ առնելու հնարավորություններ գտնելը, ուղղված է նաև մեզ։ Յուրաքանչյուրիս համար օգտակար է ձևավորել օրվա այնպիսի ընթացք, որը թույլ կտա անցնել հին գործերից դեպի նորերը՝ Աստծո հետ միասին։
Ինչպե՞ս է շտապողականությունը ազդում մեր հոգևոր կյանքի վրա։ Ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել, որպեսզի ավելի հավասարակշռված ապրենք՝ Աստծո հետ միասին։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ հորդորում ես ժամանակ առ ժամանակ դանդաղել, կանգ առնել և պարզապես լինել Քո ներկայության մեջ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 100-102, Ա Կորնթացիներին 1