Սաղմոս 32.1-7 Կիրակի | Օգոստոս 16
Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. ազատության երգերով կշրջապատես ինձ։ Սաղմ. 32.7
ԱՍՏԾՈ ԾԱԾԿՈՑԻ ՆԵՐՔՈ
Քեթին զբոսնում էր այգու արահետներով և աղոթում, երբ հանկարծ մի կարևոր բան հասկացավ իր հավատքի մասին։ Այն վայրերում, որտեղ արահետի եզրին թփեր էին աճում, նա իրեն ավելի հանգիստ ու ապահով էր զգում։ Իսկ այնտեղ, որտեղ թփեր չկային, իրեն անպաշտպան և խոցելի էր զգում։ Այդ պահին Քեթին հասկացավ, որ հաճախ ուզում է թաքնվել նույնիսկ Աստծուց, թեև գիտի, որ Նա սիրում է իրեն։ Նրան միշտ թվում էր, թե արժանի չէ Աստծո սիրուն։
Ամոթի և անվստահության զգացումը Քեթիին ստիպում էր հեռանալ Աստծուց, ինչպես Ադամը, ով մեղանչելուց հետո թաքնվեց ծառերի մեջ։ «Պարտեզում քո ձայնը լսեցի և վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի», - ասաց նա Աստծուն (Ծն. 3.10)։ Հնարավոր է՝ դուք էլ եք երբեմն «թաքնվում» ձեր Արարչից՝ մեղքի զգացման, ամոթի կամ այն մտքերի պատճառով, որ ինչ-որ մեկը ձեզ համոզել է, թե արժանի չեք Աստծո սիրուն։
Եթե ձեզ էլ են ծանոթ այս ապրումները, ապա Դավթի օրինակը կարող է քաջալերել: Նա ծանր մեղք էր գործել Աստծո և մարդկանց դեմ։ «Երանի՜ այն մարդուն, որին Տերն անօրեն չի համարում…», - գրում է նա իր մեղքերը խոստովանելուց հետո (Սաղմ. 32.2): Մինչ այդ նա տանջվում էր թաքցրած մեղքի ծանր բեռի տակ (հ. 3-4), բայց խոստովանությունից հետո ստացավ Աստծո ներումը (հ. 5), որից հետո երախտագիտությամբ ասաց. «Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. ազատության երգերով կշրջապատես ինձ» (հ. 7)։
Աստված սիրում է նաև մեզ։ Հիշե՛նք, որ սերը չեն վաստակում, այն շնորհվում է։ Այսօր մեզնից յուրաքանչյուրին անհրաժեշտ է սրտի այնպիսի փոփոխություն, ինչպիսին ապրեց Դավիթը։ Աստծուց թաքնվելու փոխարեն եկե՛ք շտապենք Նրա մոտ, որովհետև Նա մեր հովանին և ապահով ապաստանն է։
Ի՞նչն է մեզ ստիպում երբեմն հեռանալ Աստծուց։
Աղոթք – Տե՛ր, որքան հրաշալի է, որ Քո կատարյալ սերը վանում է ամեն վախ։ Դու վերցրել ես մեր մեղքն ու ամոթը, և մենք ապահով ապաստանում ենք Քո հովանու ներքո։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 94-96, Հռոմեացիներին 15.14-33