Ղուկաս 8․4-8, 11-15 Ուրբաթ | Օգոստոս 14
Իսկ առակը այս է նշանակում. սերմն Աստծու խոսքն է։ Ղուկ․ 8․11
ՍԵՐՄԱՆԵԼ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ
Հայրս մերժում էր ցանկացած հոգևոր գաղափար, և մենք հաճախ բուռն քննարկումներ էինք ունենում իմ՝ դեռահաս տարիքում ձեռք բերած նոր հավատքի մասին։ Հայրս սիրում էր գիտությունը և շատ էր կարդում, այդ պատճառով հեշտությամբ էր հերքում իմ ոչ հասուն փաստարկները։ Սակայն նրա հարցերն ու հակադարձումներն ինձ մղեցին ավելի լրջորեն ուսումնասիրելու, թե ինչին և Ում եմ հավատում։ Ես մշտապես աղոթում էի նրա համար, իսկ մեր զրույցները շարունակվեցին գրեթե քառասուն տարի։
Այնուհետև նա հեռացավ այս կյանքից։ Հրաժեշտի ժամանակ կարճ խոսք ասելիս ես հուզվում էի, սակայն որոշեցի բացահայտ խոսել իմ հավատքի մասին։ Ներկաներից շատերը աթեիստներ էին, բայց չէ՞ որ Աստված ցանկանում է, որ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունենա լսելու և ընդունելու Իր ճշմարտությունը (Ա Տիմ. 2․4)։ Ահա թե ինչպիսին է Աստծո Թագավորության համար սերմ ցանելը։ Հողագործները հաճախ ստիպված են աշխատել կոշտ, քարքարոտ կամ մոլախոտերով ծածկված հողի հետ։ Նույն կերպ Աստված Իր Խոսքը տարածում է ամենուր (Ղուկ. 8․11)։ Թշնամին փորձում է խլել սերմը կարծրացած սրտերից (հ. 12), երբեմն դժվարությունները կործանում են նոր հավատացյալների հավատը (հ. 13), իսկ ուրիշների մեջ Աստծո Խոսքը խեղդվում է «հոգսերի, հարստության, կյանքի հաճույքների ներքո» (հ. 14)։ Սակայն սերմի մի մասն ընկնում է «պարարտ հողի» վրա և ժամանակի ընթացքում պտուղ է տալիս (հ. 15)։
Հորս հրաժեշտի արարողությունից հետո ինձ մոտեցավ նրա վաղեմի ընկերը։ Պարզվեց, որ մի քանի տարի առաջ նա ընդունել էր Քրիստոսին։ Ինչ-որ մեկը նրա սրտում սերմանել էր Աստծո Խոսքի սերմը, և այն արմատ էր գցել նրա կյանքում։ Եկե՛ք շարունակենք աղոթքով տարածել ճշմարտությունը։ Թող մեզ ոգեշնչի Աստծո սերը և մարդկանց փրկելու Նրա ցանկությունը։
Ինչպե՞ս կարող է ուրիշների կողմից Քրիստոսի մերժումն ամրացնել Մեր հավատքը Նրա ճշմարտության հանդեպ։ Ի՞նչ հնարավորություններ ունենք Աստծո Խոսքը տարածելու համար։
Աղոթք – Հա՛յր, շնորհակալ եմ Քեզ այն հասկացողության և մխիթարության համար, որ տալիս ես, երբ իմ վկայությունը մերժվում է։ Շնորհակալ եմ Քո ճշմարտության համար, որը զորացնում է ինձ և ամրացնում հավատքս: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 89-90, Հռոմեացիներին 14