.
2026թ., Օգոստոսի 6

Եսայի 41.9-13                                                                                    Հինգշաբթի   |  Օգոստոս 6

 

 

Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։ Ես. 41.10

 

ՄԻՋՈՑ ՎԱԽԻ ԴԵՄ

 

Մանկատան դարպասի մոտ ռետինե հողաթափերի մի մեծ կույտ կար։ Ամեն զույգ, առանց բառերի, իր պատմությունն էր պատմում։ Որոշները մաշված էին, մյուսները՝ պատռված, իսկ մի քանիսի վրա նույնիսկ արյան հետքեր կային։ Դրանք պատկանում էին երեխաներին, ովքեր խուճապահար փախել էին բիրմայական զինվորներից՝ լքելով իրենց գյուղերը, որտեղ սպանվել էին նրանց ծնողները։ Այդ հողաթափերը նրանց տարել էին ջունգլիներով՝ հասցնելով համեմատաբար անվտանգ վայր։ Չնայած իրենց կրած բոլոր դժվարություններին՝ այս երեխաները մյուսներից ավելի հաջողակ էին։

Նախքան Թաիլանդ-Բիրմա սահմանին գտնվող այս մանկատներ այցելելը, մենք Եսայի մարգարեությունից ընտրեցինք համարներ՝ երեխաների հետ կարդալու համար, և աղոթեցինք, որ այդ խոսքերը նրանց մխիթարություն ու հույս բերեն։ Ամեն անգամ, երբ նայում էինք երեխաների աչքերին և կրկնում այդ խոսքերը, չէինք կարողանում զսպել մեր արցունքները։ Միայն Աստված կարող էր բժշկել նրանց վիրավոր սրտերը։ Միայն Նա կարող էր նրանց վախը փոխարինել Իր սիրո հանդեպ վստահությամբ։ Միայն Աստծո Խոսքը կարող էր նրանց սրտերին խաղաղություն պարգևել։

«Մի՛ վախեցեք», - ասում էինք մենք նրանց, ում ցավալի հիշողությունները հնարավոր չէր ջնջել։ «Մի՛ սարսափեք», - կրկնում էինք անընդհատ, թեև նրանց ապագան անորոշ էր։ Բայց դրանք պարզապես մխիթարական խոսքեր չէին, դրանք Աստծո խոստումներն էին՝ հաստատված Նրա անփոփոխ հավատարմությամբ։

Բիրմայի վախեցած երեխաներին և մեզ՝ այսօր, որտեղ էլ որ ապրենք, Աստված ասում է. «…ես քեզ հետ եմ…ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով» (հ. 10)։

Նրա խոստումները երբեք չեն փոխվում։ Դրանք վախի դեմ լավագույն միջոցն են։

 

Ի՞նչն է մեր մեջ վախ առաջացնում։ Ի՞նչ ենք զգում, երբ Աստվածաշնչում կարդում ենք Աստծո խոստումների մասին։            

 

Աղոթք Երկնայի՛ն Հայր, դու ոչ միայն գիտես, թե ինչն է ինձ վախեցնում, այլ խոստանում ես քո ներկայությունն ու օգնությունը հենց այն ժամանակ, երբ ես դրա կարիքն ունեմ: Շնորհակալ եմ Քեզ։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 70-71, Հռոմեացիներին 8. 22-39