.
2026թ., Օգոստոսի 5

Հայտնություն 3․14․22                                                                   Չորեքշաբթի   |  Օգոստոս 5

 

 

Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ ինձ հետ։ Հայտն․ 3․20

 

ԲԱՑԵ՛Ք ԴՈՒՌԸ

 

Հյուսիսային Յորքշիրի Սքարգիլ փոքրիկ գյուղում հանգստանալիս ես շատ էի սիրում այցելել կենտրոնում գտնվող փակ այգին։ Այնտեղ մտնում էի բարձր քարե պատի մեջ տեղադրված ծանր փայտե դարպասներով։ Դրսից այդ վայրն այնքան էլ գեղեցիկ չէր թվում, բայց ներսում մի հրաշալի այգի էր բացվում։ Բույսերի մեջ առավել աչքի էին ընկնում բուրավետ վարդերը։ Նստարանները կարծես հրավիրում էին կանգ առնելու, հանգստանալու և Արարչի ստեղծագործության գեղեցկությունը վայելելու: Այդ վայրն ինձ համար առանձնահատուկ էր, քանի որ այնտեղ ես շատ անգամներ լուռ ժամանակ էի անցկացնում Աստծո հետ։

Հայտնության գրքում նկարագրվում է մի պատկեր, որտեղ Հիսուսը կանգնած է դռան մոտ և թակում է՝ ցանկանալով ներս մտնել։ Այս համարը հաճախ օգտագործվում է՝ մարդկանց կոչ անելու բացել իրենց սրտի դուռը Քրիստոսի առաջ։ Սակայն սկզբում այս խոսքերն ուղղված էին Լաոդիկիայի եկեղեցուն, որը գտնվում էր ներկայիս Թուրքիայի տարածքում։ Տերը այդ եկեղեցուն նկարագրեց որպես «գաղջ»՝ ոչ սառը և ոչ էլ տաք (հ. 15)։ Նա կոչ էր անում նրանց եռանդուն լինել և ապաշխարել (հ. 19)։ Սիրով և համբերությամբ Տերը հրավիրում էր լաոդիկեցիներին բացել իրենց սրտերը, որպեսզի Ինքը մտնի նրանց կյանք և «ընթրի» նրանց հետ (հ. 20)։

Միասին ճաշելու այս պատկերը ցույց է տալիս, թե որքան է Քրիստոսը ցանկանում մոտ հարաբերություն ունենալ Իրեն հավատացողների հետ։ Նա ցանկանում է մտնել մեր կյանք և լինել մեզ հետ։ Սա այն խաղաղ ու գեղեցիկ վիճակն է, որը ես զգացել եմ Սքարգիլի այգում։ 

Նույնիսկ եթե մեր հավատքը թուլացել է, և մեր սրտում Քրիստոսի հանդեպ սերը գրեթե մարել է, Նա դեռ մեկնում է Իր ձեռքը դեպի մեզ։ Այո՛, անհրաժեշտ է ապաշխարել, բայց երբ դարձի գաք դեպի Նա, կգտնեք սիրող ու բարի Փրկչի, Ով ցանկանում է լինել մեզ հետ և մտերմաբար հաղորդակցվել: 

 

Երբևէ պատահե՞լ է, որ հեռանանք Քրիստոսից։ Ի՞նչ զգացումներ և մտքեր է առաջացնում մեր մեջ այն պատկերը, երբ Փրկիչը կանգնած է դռան մոտ և թակում է այն։            

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ միշտ բաց պահել սիրտս Քո առաջ։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 68-69, Հռոմեացիներին 8. 1-21