Սաղմոսներ 27. 1-3, 13-14 Երկուշաբթի | Օգոստոս 3
Սպասի՛ր Տիրոջը. թող սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը։ Սաղմ․ 27․14
ՄԵՐ ՀՈՒՅՍՆ ԱՍՏՎԱԾ Է
Կաձուտոն և նրա կինը՝ Միգիվան, անհանգստությամբ սպասում էին ուլտրաձայնային հետազոտության արդյունքներին։ Միգիվայի լյարդն արդեն ավելի քան ինն ամիս էր, ինչ չէր գործում ինչպես հարկն է, և նրան շտապ լյարդի փոխպատվաստում էր անհրաժեշտ։ Կաձուտոն պատրաստ էր նվիրաբերել իր լյարդի մի մասը, սակայն դրա համար մեկ կարևոր պայման կար․ Միգիվայի սիրտը պետք է բավականաչափ ամուր լիներ վիրահատությանը դիմանալու համար։ Նախորդ հետազոտությունը ցույց էր տվել, որ նրա սրտի վիճակը փոքր-ինչ բարելավվել է։ Իսկ ի՞նչ ցույց կտար նոր հետազոտությունը։
Ցավոք, հետազոտության արդյունքներն ավելի վատ էին, քան նախորդը։ «Լացող կնոջս մխիթարելուց հետո ես դուրս եկա և ինքս էլ լաց եղա», - պատմում էր Կաձուտոն։ - Բայց սպասելը ժամանակի վատնում չէ։ Այդպիսի ժամանակներում Աստված հրաշալի կերպով է գործում, նույնիսկ եթե արտաքինից թվում է, թե ոչինչ չի փոխվում»։
Կաձուտոյի հույսը հիշեցնում է Դավիթ թագավորի վստահությունը, ով գրեց. «Սպասի՛ր Տիրոջը. թող սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը» (Սաղմ. 27․14)։ Մեր հույսն ու սպասումը ապարդյուն չեն, որովհետև Տերն է մեր «լույսը», «փրկությունը» և «ապավենը» (հ. 1)։ Մենք վստահում ենք Նրան, Ով հույս է տալիս նույնիսկ անհույս թվացող իրավիճակներում (հ. 3), մխիթարում է փորձությունների ժամանակ (հ. 13) պատսպարում է մեզ Իր ներկայության մեջ (հ. 5)։
Երբ թվում է, թե Աստված ուշացնում է մեր աղոթքների պատասխանը, միևնույնն է, կարող ենք լիովին ապավինել Նրա անփոփոխ խոստումներին։ Մեր բոլոր մտահոգությունները Նրան հանձնելով՝ ասենք ինքներս մեզ. «Սպասի՛ր Տիրոջը. թող սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը» (հ. 14)։ Նա միշտ մեզ հետ է և միշտ գործում է մեր բարօրության համար։
Այսօր ի՞նչ սպասելիքներ ունենք մենք Աստծուց։ Նրա ո՞ր հատկանիշներն են ամրացնում մեր վստահությունը Նրա հանդեպ։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ զորանալ Քո հանդեպ իմ հույսով։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 63-65, Հռոմեացիներին 6