.
2026թ., Հուլիսի 26

Հովհաննես 14․26-31                                                                                  Կիրակի   |  Հուլիս 26

 

 

Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։ Հով․14․26 

 

ԻՐԱԿԱՆ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Երբ Փիթերի և Ժակլինի դուստրն ինքնասպան եղավ, նրանք հասկացան, որ իրենց կյանքն այլևս երբեք նախկինի պես չի լինելու։ Նրանք շատ էին սիրում նրան, և այդ պատճառով խորապես ու դառնությամբ էին սգում նրա կորուստը։ «Մեր սերը մեր արտիստիկ, քնքուշ, խելացի, հակասական ու բարդ բնավորություն ունեցող կրտսեր դստեր հանդեպ անսահման էր։ Մենք շատ ենք կարոտում նրան», - տխրությամբ ասում էր Ժակլինը։ Բայց Տերը նրանց մխիթարեց Իր Սուրբ Հոգով, Ում Քրիստոսը կոչեց Մխիթարիչ։ Փիթերն այդ բառր մեկնաբանում էր այսպես. «Նա, ով կանգնած է աջակցելու և զորացնելու համար: Երբեմն Նրա մխիթարությունը գրեթե շոշափելիորեն է զգացվում, երբ խաղաղություն է բերում հենց փոթորկի ամենակենտրոնում»:

Իր մահվանը նախորդող գիշերը Տերը խոստացավ Իր աշակերտներին, որ կուղարկի Սուրբ Հոգուն, Ով նրանց օգնություն և զորակցություն կբերի․ «Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի» (Հովհ. 14․26)։ Որոշ թարգմանություններում «Մխիթարիչ» բառը գործածվում է որպես «Օգնական»։ Հիսուսը գիտեր, որ նրանք վիշտ են ապրելու, և կոչ արեց նրանց ընդունել Իր խաղաղությունը․ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա» (հ. 27)։

Մենք անխուսափելիորեն ցավ ու կորուստ կապրենք մեր կյանքում, բայց Աստված մեզ շնորհում է Իր սիրառատ ներկայությունն ու մխիթարությունը։ Նա ժամանակային սահմանափակում չի սահմանում մեր վշտի համար և չի հոգնում մեր արցունքներից։ Փոխարենը, Նա մեզ խաղաղություն է տալիս։

 

Ինչպե՞ս է Սուրբ Հոգին մխիթարում և զորացնում մեզ մեր ցավի մեջ։ Այսօր ո՞ր վախերն ու հոգսերն ենք ցանկանում հանձնել Աստծո խնամքին։     

 

Աղոթք – Ո՛վ Տեր, շնորհակալ եմ, որ երբեք չես թողնում ինձ և միշտ շնորհում ես Քո մխիթարող ներկայությունը։ Ես այսօր դիմում եմ Քեզ օգնության համար և իմ կյանքը վստահությամբ հանձնում Քեզ։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 40-42, Գործք Առաքելոց 27. 1-26