Եբրայեցիներին 6. 17-20 Ուրբաթ | Հուլիս 24
[Հույսը] մեզ համար հաստատուն և անշարժ խարիսխ է, որ թափանցում է վարագույրից ներս։ Եբր․ 6․19
ՀԱՍՏԱՏՎԵԼ ԱՍՏԾՈ ՄԵՋ
Ամեն առավոտ ամուսինս հեռախոսով միացնում էր իր սիրելի հոգևոր երգը՝ «Հոգիս հաստատվել է Աստծո մեջ»։ Այդ երգի խոսքերը պատմում են կյանքի փոթորիկների ու փորձությունների միջով Աստծո հանդեպ անսասան հույսի մասին։ Դենը երգչի հետ միասին երգում էր, թե ինչպես են մոլեգնում ալիքները և որքան սաստիկ են քամու պոռթկումները, սակայն դրանք չեն կարող վնասել մեզ, որովհետև Աստված մեզ ամուր պահում է։
Այս խոսքերը հրաշալի կերպով նկարագրում են նավի խարիսխի դերը։ Ամուր խրվելով ծովի հատակը՝ այն պահում է նավը, որպեսզի չտարվի ալիքների հոսանքով, և նրան տալիս է հաստատունություն ու կայունություն։
Խարիսխը վաղուց դարձել է քրիստոնեական հավատի դասական խորհրդանիշը՝ արտահայտելով մեր հույսը Քրիստոսի հանդեպ, Ով մեր ամուր ապավենն է կյանքի խառնաշփոթի և փորձությունների մեջ։ Եբրայեցիներին ուղղված թղթի հեղինակը գրում է այն մխիթարության մասին, որ ունենք մենք. «[Հույսը] մեզ համար հաստատուն և անշարժ խարիսխ է, որ թափանցում է վարագույրից ներս» (Եբր. 6․19)։ Այդ հույսը Հիսուսն է՝ հաստատուն ապավեն բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Նրան։ Ավելին, «Աստված, առավել ևս կամենալով խոստման ժառանգորդներին ցույց տալ իր նպատակի անփոփոխ լինելը, այն հաստատեց երդմամբ» (հ․ 17)։ Ուստի, մեր հույսը Նրա վրա դնելով՝ կարող ենք լիակատար խաղաղություն և վստահություն ունենալ։
Շատ մարդիկ իրենց հենարանը փնտրում են անվստահելի բաների մեջ՝ սեփական փառասիրության, անառողջ հարաբերությունների կամ վնասակար սովորությունների։ Որքա՜ն ավելի լավ է հաստատվել Նրա մեջ, Ով երբեք չի հիասթափեցնում և չի լքում։ Երբ կյանքի ալիքները մոլեգնեն ու հարվածեն մեզ, մենք ապահով կմնանք, որովհետև մեր հոգին հաստատված է Աստծո մեջ։
Կյանքի ո՞ր «փոթորիկների» ընթացքում ենք մեր հույսը դրել Աստծո վրա։ Ի՞նչն է մեզ վստահեցնում, որ Նա մեր կյանքի անսասան ապավենն ու հուսալի հենարանն է։
Աղոթք – Տե՛ր, ես իմ ամբողջ հույսը դնում եմ Քեզ վրա։ Շնորհակալ եմ, որ կյանքի բոլոր փոթորիկների մեջ Դու պահպանում ես ինձ և անսասան կանգնեցնում Քո խաղաղության մեջ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 35-36, Գործք Առաքելոց 25