.
2026թ., Հուլիսի 23

Եփեսացիներին 2. 1-10                                                                        Հինգշաբթի   |   Հուլիս 23

 

 

Քանզի նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար․․․ Եփ․ 2․10 

 

ՕԳՆԵԼՈՒ ՊԱՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ

 

Ընկերուհիս պատրաստվում էր վարորդական իրավունք ստանալու քննությանը և պետք է վարժվեր զուգահեռ կայանելու հմտությանը։ Ես աղոթում էի, որ անվտանգ վայր գտնենք պարապելու համար, և միտք եկավ գնալ մոտակա եկեղեցու ընդարձակ ավտոկայանատեղին։ Մենք աթոռներով նշեցինք կայանելու տեղը: Խոստովանենք, դա այնքան էլ հարմար տարբերակ չէր։ Բայց ի՞նչ կարող էինք անել։ Ընկերուհիս նստեց ղեկին և փորձեց մեքենան կայանել աթոռների միջև։

Այդ պահին եկեղեցուց դուրս եկավ հովիվը՝ ձեռքին նարնջագույն պարագաներ, որոնք նման էին վարորդական քննության ժամանակ օգտագործվողներին։ Նա առաջարկեց, - «Փորձեք սրանցով»։ Այնուհետև բացատրեց, որ նախորդ շաբաթ իրենց եկեղեցին մտածում էր, թե ինչպես կարող է ծառայել տեղի բնակիչներին։ «Մենք որոշեցինք գնել այս պարագաները, որպեսզի մարդիկ կարողանան մեր ավտոկայանատեղում սովորել մեքենա վարել», - ասաց հովիվը։ Եկեղեցին ցանկացել էր օգնել մարդկանց և նախապես պատրաստվել էր դրան։ Ինչպիսի՜ օրհնություն էր դա բնակիչների համար, նաև՝ ընկերուհուս համար։

Օգնելու պատրաստակամությունը հենց այն է, ինչ Աստված ձևավորում է մեր սրտերում։ Նա «նախապես պատրաստեց» մեզ բարի գործերի և ուրիշների հանդեպ հոգատարության համար (Եփ. 2․10)։ Պողոս առաքյալը գրում է․ Մենք «Նրա ստեղծագործությունն ենք» (հ. 10), ինչը նշանակում է, որ մենք ծառայում ենք Նրա առաջնորդությամբ և Նրա նպատակների իրականացման համար։ Փրկությունը պարգև է (հ. 8), որը մեզ տվեց Աստված՝ իր անսահման ողորմությամբ (հ. 4)։ Մեր բարի գործերը Աստծո աշխատանքն են մեր միջոցով։ Նա պատրաստում է մեզ և տալիս սրտացավություն ու իմաստություն, որպեսզի մենք օգնության ձեռք մեկնենք ուրիշներին։

 

Ի՞նչ շնորհներ և կարողություններ է Աստված տվել մեզ։ Ինչպե՞ս կարող ենք դրանք միավորել մյուս հավատացյալների կարողությունների հետ՝ սիրով ծառայելու մեր շրջապատում գտնվող մարդկանց։    

 

Աղոթք – Տե՛ր, բացի՛ր իմ աչքերը՝ տեսնելու մարդկանց կարիքները, և առաջնորդի՛ր այնպիսի գործեր անելու, որոնց միջոցով նրանք կզգան Քո սերն ու ներկայությունը։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 33-34, Գործք Առաքելոց 24