Սաղմոսներ 107․4-9 Չորեքշաբթի | Հուլիս 22
Եվ իրենց նեղության մեջ իրենք աղաղակեցին Տիրոջը, և նա փրկեց նրանց իրենց վշտերից։ Սաղմ․ 107․6
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉ
Ամուսնուս և որդուս հետ ոլորապտույտ լեռնային արահետով զբոսանքը շատ հետաքրքիր էր։ Բայց երբ անցանք հաջորդ շրջադարձը, հանկարծ կանգ առանք՝ կարծես քարացած։ Բաց բերաններով և զարմանքով լուռ նայում էինք Էյգեր լեռան հիասքանչ հյուսիսային պատին։
Մենք որոշեցինք կանգ առնել ճաշելու համար, բայց ամբողջ ընթացքում չէինք կարողանում աչքներս կտրել այդ պատից, որը տեղացիները անվանում են Մորդվանդ՝ «Մահվան պատ»։ Շատ լեռնագնացներ մահացել են՝ փորձելով նվաճել Էյգեր լեռը։ Իսկ շատերին մահից փրկել են խիզախ շվեյցարացի փրկարարները, որոնք արձագանքել են օգնության կանչին։
Աստծո ժողովուրդը հաճախ էր հայտնվում տարբեր դժվարությունների մեջ, որոնց մասին կարդում ենք Սաղմոս 107-ում։ «[Նրանք] մոլորված էին անապատի մեջ՝ անջուր ճանապարհին, որ բնակվելու քաղաք չէին գտնում» (հ. 4)։ Ոմանք «մոտեցան մահվան դռներին» (հ. 18), իսկ ուրիշներին սպառնում էր կործանումը փոթորկոտ ծովում (հ. 26)։
Սակայն այս բոլոր իրավիճակները մի ընդհանուր բան ունեին․ երբ նեղության մեջ գտնվողները հասնում էին իրենց ուժերի սահմանին, աղաղակում էին Տիրոջը, և Նա ազատում էր նրանց բոլոր դժվարություններից (հ. 6, 13, 19, 28)։ Աստված կարծես պրոֆեսիոնալ փրկարար է: Նա գիտի, թե երբ ենք հայտնվում անելանելի իրավիճակներում, հասկանում է մեր ցավն ու հոգու կարոտը։ Երբ մեզ թվում է, թե այլևս ելք չկա, Տերը տեսնում է ճանապարհը։ Նա խոնարհում է Իր ականջը՝ լսելու մեր օգնության կանչը, և մեկնում է Իր ձեռքը՝ մեզ բարձրացնելու ու զորացնելու համար։
Ո՞ր իրավիճակներն են այսօր անհանգստացնում մեզ։
Ի՞նչն է խանգարում մեզ դիմել Աստծուն և օգնություն խնդրել Նրանից։
Աղոթք – Տե՛ր, իմ ամենամեծ կարիքն ու հույսը Դու ես։ Ների՛ր ինձ, որ երբեմն սեփական ուժերիս եմ ապավինում։ Ես աղաղակում եմ Քեզ՝ օգնի՛ր իմ կարիքի մեջ և առաջնորդիր Քո զորությամբ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 31-32, Գործք Առաքելոց 23. 16-35