.
2026թ., Հուլիսի 21

Ամովս 7. 1-9                                                                                          Երեքշաբթի   |   Հուլիս 21

 

 

Ահա ես կապարալար եմ դնում իմ Իսրայել ժողովրդի մեջ․․․ Ամ․ 7․8

 

ՎԱՐՎԵԼ, ԻՆՉՊԵՍ ՔՐԻՍՏՈՍԸ

 

Բենը երկար տարիներ գնել էր չարտոնված ծրագրեր միայն այն պատճառով, որ դրանք ավելի էժան էին։ Այո՛, ծրագրերի ապօրինի օգտագործումն օրենքի խախտում էր և ոտնահարում էր հեղինակային իրավունքները, բայց նա դրան մեծ նշանակություն չէր տալիս, քանի որ շատերն էին այդպես անում։ Իսկ քանի որ ոչ ոք չէր ստուգում, նա մտածում էր․ «Ինչո՞ւ ավելի շատ վճարել»։

Սակայն երբ Բենը լսեց մի քարոզ, թե ինչպես են Աստծո չափանիշներն արտահայտվում առօրյա կյանքի մեջ, նա՝ որպես նորադարձ և հավատքի մեջ աճող քրիստոնյա, սկսեց մտածել, իսկ ի՞նչ է նշանակում ճիշտ վարվել։ Ի վերջո նա որոշեց իր բոլոր ծրագրերը փոխարինել օրինական՝ լիցենզավորված տարբերակներով։ Դա նրան բավական մեծ գումար արժեցավ, բայց նա իր ընկերներին բացատրեց․ «Աստված ամեն ինչ գիտի։ Եվ Նա ուզում է, որ մենք ճիշտ վարվենք։ Մի՞թե այդպես չէ»։

Ամոս մարգարեության գրքում Աստված հիշեցնում է Իսրայելին, որ Իր չափանիշները բացարձակ են և անաչառ։ Դրանք վերաբերում են բոլորին՝ նույնիսկ Իր ընտրյալ ժողովրդին։ Աստծո օրենքներն ու բարոյական չափանիշները նման են կապարալարի (Ամ 7․8)՝ պարանին կախված ծանրությանը, որով շինարարները ստուգում են՝ արդյոք պատն ուղիղ է կառուցված, թե ոչ։ 

Թեև Աստված հաճախ ողորմություն է ցուցաբերում, Նա չի կարող հրաժարվել Իր արդարությունից։ Այդ պատճառով Նա ուղարկեց Իր Որդուն, որպեսզի Նա մեր փոխարեն մահանա և վճարի մեր մեղքերի գինը։ Աստվածաշունչը, ինչպես կապարալարը, ցույց է տալիս, թե որքան ճիշտ ենք ընթանում Նրա ճանապարհով։ Իսկ Իր շնորհով Աստված նաև օգնում է հավատացյալներին ապրել այնպես, որ հաճելի լինի Իրեն և փառք բերի Իր անվանը, այսինքն՝ սովորեցնում է մեզ ճիշտ վարվել։

 

Մեր կյանքի ո՞ր ոլորտները կարիք ունեն Աստծո «կապարալարով» ստուգելու։ Մեր առօրյայում ի՞նչ է նշանակում ապրել ճիշտ և Աստծուն հաճելի կերպով։    

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, Դու կանչել ես ինձ՝ նմանվելու Քո Որդուն։ Խնդրում եմ, օգնի՛ր իմ յուրաքանչյուր գործով փառավորել Քեզ և իմ կյանքով արտացոլել Քո սերը։  Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 29-30, Գործք Առաքելոց 23. 1-15