Բ Կորնթացիներին 1. 1-7 Երկուշաբթի | Հուլիս 20
Որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց։ Բ Կորնթ․ 1․4
ՓՈԽԱՆՑԵ՛Ք ՈՒՐԻՇՆԵՐԻՆ
Հիսունհինգ տարվա սպասումից հետո Անգլիայի ֆուտբոլի հավաքականը վերջապես հասավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Իտալիայի դեմ խաղն ավարտվեց ոչ-ոքի, և հաղթողը պետք է որոշվեր 11-մետրանոց հարվածաշարով։ Վերջին հարվածը վստահվեց երիտասարդ ֆուտբոլիստ Բուկայո Սակային։ Սակայն Իտալիայի հավաքականի դարպասապահը փայլուն խաղ ցուցադրեց և հետ մղեց գնդակը, որի արդյունքում Անգլիան պարտվեց։
Այնուամենայնիվ, հետո տեղի ունեցավ մի բան, որը շատ հեռուստադիտողներ հիշում էին իրենց ողջ կյանքում: Անգլիայի հավաքականի մարզիչ Գարեթ Սաութգեյթը մոտեցավ Սակային և գրկեց նրան։ Սաութգեյթը լավ գիտեր, թե ինչ էր զգում երիտասարդ ֆուտբոլիստը․ 1996 թվականին նա վրիպել էր կիսաեզրափակչում՝ զրկելով Անգլիային եզրափակիչ հասնելու հնարավորությունից։ Այդ ժամանակ նրա մարզիչ Թերի Վենեյբլսը նրան մխիթարել էր ճիշտ նույն կերպ։
Պողոս առաքյալը գրում է․ «Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց» (Բ Կորնթ. 1․3–4)։ Ինչպես Սաութգեյթը Սակային փոխանցեց այն մխիթարությունը, որը ժամանակին ինքն էր ստացել, այնպես էլ Պողոսը փոխանցում էր տառապող հավատացյալներին այն մխիթարությունը, որը ստացել էր Տիրոջից՝ ամրապնդելով նրանց անսասանությունը (հ. 6)։ «Ամեն մխիթարության» Աստվածը (հ. 3) կարող է նույնիսկ մեր հիասթափություններն ու դժվարությունները վերածել բարիքի։
Ինչպես Աստված է մխիթարում մեզ, այնպես էլ մենք փոխանցենք այդ մխիթարությունը ուրիշներին՝ դառնալով Նրա սիրո և հոգատարության գործիքները։
Ինչպե՞ս է Աստված մխիթարել մեզ վշտի կամ կորստի ժամանակ։ Ինչպե՞ս կարող ենք այսօր այդ մխիթարությունը փոխանցել մեկ ուրիշին։
Աղոթք – Մխիթարի՛չ Աստված, իմ յուրաքանչյուր փորձության մեջ օգնի՛ր ինձ ուրիշներին փոխանցել այն, ինչ Դու ինձ տվել ես։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 26-28, Գործք Առաքելոց 22