.
2026թ., Հուլիսի 19

Դանիել 6. 16-23                                                                                          Կիրակի   |   Հուլիս 19

 

 

Այդ ժամանակ թագավորը շատ ուրախացավ և հրամայեց, որ Դանիելին դուրս բերեն գբից։ Եվ նրա վրա ոչ մի վնասվածք չգտնվեց, որովհետև վստահել էր իր Աստծուն։ Դան․ 6․23

 

ԱՍՏՎԱԾ, ՈՎ ՓՐԿՈՒՄ Է

 

Ցմահ ազատազրկման դատապարտված Վիկը հաճախ էր իր ընկերներին պատմում սրտում տիրող խոր դատարկության մասին։ Երբ նրանք ասում էին, որ այդ դատարկությունը կարող է լցնել միայն Քրիստոսը, Վիկը միայն դառնորեն ժպտում էր։ Նրա համար անհեթեթ էր այն միտքը, որ Հիսուսը մահացել է, բայց այսօր էլ կենդանի է։ Սակայն մեկ ամիս անց Վիկը սկսեց լսել քրիստոնեական ռադիոհաղորդումներ և կարդալ Աստվածաշունչը։

Նրա վախերն ու անհանգստություններն աստիճանաբար սկսեցին անհետանալ։ «Ֆիզիկապես ես բանտում էի՝ հաստ բետոնե պատերի ներսում, - հետագայում հիշում էր նա, - բայց հոգով ազատ ու ապահով էի, ինչպես Դանիելը՝ առյուծների գբում»։ Շատ չանցած՝ Վիկն ընդունեց Քրիստոսին որպես իր Տեր ու Փրկիչ։

Հին Կտակարանում պատմվում է Դանիելի մասին, ով աքսորվել էր Հրեաստանից, ապա նետվել առյուծների գուբը։ Թեև թագավորը հրաման էր արձակել, որով արգելվում էր աղոթել որևէ մեկին, բացի իրենից, Դանիելը չդադարեց աղոթել Աստծուն (Դան. 6․6-10)։ Երբ թագավորն իմացավ, որ Դանիելը խախտել է հրամանը, շատ տխրեց, սակայն ստիպված եղավ նրան մահվան դատապարտել՝ գցելով առյուծների գուբը (հ. 14, 16)։ Բայց Աստված հայտնեց Իր զորությունն ու իշխանությունը՝ պահելով Դանիելին անվնաս։ Եվ թագավորը «շատ ուրախացավ» (հ. 23)։

Նույնիսկ ամենածանր փորձությունների մեջ Աստված չի լքում մեզ։ 

 

Ինչպե՞ս կարող ենք ամրապնդել մեր վստահությունն Աստծո հանդեպ։

 

Աղոթք – Իմ Տե՛ր և Փրկի՛չ, շնորհակալ եմ, որ Քո Որդու մահվամբ վճարեցիր մեղքի դիմաց իմ պարտքը։ Իմ փրկությունն ու հույսը Դու ես և ամբողջ սրտով ապավինում եմ Քո ողորմությանը։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 23-25, Գործք Առաքելոց 21. 18-40