.
2026թ., Հուլիսի 18

Գործք Առաքելոց 16. 6-10                                                                          Շաբաթ   |   Հուլիս 18

 

 

Երբ Մյուսիայի սահմանները եկան, ջանում էին դեպի Բյութանիա գնալ, բայց Հիսուսի Հոգին նրանց թույլ չտվեց։ Գործք 16․7

 

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ Է, ԲԱՅՑ ՀՈԳԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է

 

Երկար ճանապարհից հետո կինս և ես վերջապես մոտեցանք մեր փողոցին, բայց մեծ «Մուտքն արգելված է» ցուցանակը փակեց մեր ճանապարհը։ Ես ցանկացա անտեսել այդ նշանը, քանի որ տունը շատ մոտ էր, և շրջանցիկ ճանապարհ փնտրելը ժամանակատար էր։ Բայց շուտով ամեն ինչ պարզ դարձավ․ ճանապարհի վրա ընկած էր պոկված էլեկտրական մալուխ։ Եթե ես անտեսեի այդ նախազգուշացումը, կարող էի հայտնվել լուրջ վտանգի մեջ։

Գործք Առաքելոց գրքում պատմվում է, թե ինչպես Պողոսը և նրա ուղեկիցները ցանկանում էին Ավետարանը քարոզել Ասիայում, սակայն Սուրբ Հոգին փակեց նրանց ճանապարհը (Գործք 16․6-10)։ Շրջանցումները միշտ չէ, որ նշանակում են մերժում․ երբեմն դրանք Տիրոջ կողմից ուղղորդումներ են։ Աստված թույլ չտվեց Պողոսին մտնել Բյութանիա։ Հավանաբար առաքյալը չէր հասկանում, թե ինչու է դա տեղի ունենում, քանի որ անկեղծորեն ցանկանում էր ծառայել Քրիստոսին։ Բայց հետո նա տեսիլք ստացավ․ մի մակեդոնացի մարդ խնդրում էր նրան գալ և օգնել իրենց (հ. 9)։ Աստված Իր ծառաներին պատրաստում էր ավելի մեծ գործի համար՝ Ավետարանը քարոզել  մեկ այլ մայրցամաքում (հ. 10)։

Խոչընդոտները որպես պատիժ կամ մերժում դիտարկելու փոխարեն, մենք կարող ենք դրանք տեսնել որպես Աստծո առաջնորդություն: «Շրջանցումները» հաճախ դառնում են ճանապարհ դեպի ինչ-որ առանձնահատուկ ու ավելի մեծ գործի համար։ Վստահենք Տիրոջ առաջնորդությանը ոչ միայն այն ժամանակ, երբ ճանապարհները բաց են, այլ նաև այն պահին, երբ Նա դրանք փակում է։

 

Ինչպե՞ս ենք փնտրում Աստծո առաջնորդությունը մեր ծրագրերում։ 

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ վստահել Քեզ նույնիսկ փակ դռների պարագայում։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 20-22, Գործք Առաքելոց 21. 1-17