Ա Կորնթացիներին 12.12-14, 18, 21-27 Հինգշաբթի | Հուլիս 16
Աչքը չի կարող ձեռքին ասել՝ «Ինձ պետք չես»․․․: Ա Կորնթ․ 12․21
Ո՞Վ Է ՁԵԶ ՊԵՏՔ
Մի հայտնի մարզիկ ինքնաթիռ էր նստել՝ մեկնելու չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար։ Նա լիովին վստահ էր իր հաղթանակի վրա։ «Պարո՛ն, խնդրում եմ ամրացրեք անվտանգության գոտին», - ասաց բորտուղեկցորդուհին։ «Սուպերմենին անվտանգության գոտի պետք չէ», - ժպտալով պատասխանեց մարզիկը։ Սակայն կինը չշփոթվեց և հանգիստ ասաց, - «Սուպերմենին ինքնաթիռ էլ պետք չէ: Խնդրում եմ ամրացրե՛ք ձեր անվտանգության գոտին»։ Մարզիկին այլ բան չէր մնում, քան կատարել խնդրանքը։
Հաջողությունը երբեմն մարդուն ինքնավստահ ու ինքնաբավ է դարձնում։ Մենք կարող ենք մտածել, որ ո՛չ անվտանգության գոտու կարիք ունենք, ո՛չ էլ որևէ մեկի խորհրդի։ Բայց եթե նման վերաբերմունքը տեղափոխենք եկեղեցի, ապա կնմանվենք աչքին, որն ասում է ձեռքին. «Ես քո կարիքը չունեմ», կամ գլխին, որն ասում է ոտքերին. «Դուք ինձ պետք չեք» (Ա Կորնթ. 12․21)։ Սակայն ճշմարտությունն այն է, որ մարմնի յուրաքանչյուր անդամ կարևոր է, և «մարմնի այն անդամները, որոնք ավելի տկար են թվում, ավելի կարևոր են» (հ. 22)։
Մենք ստեղծված ենք Երրորդություն Աստծո պատկերով, Ով գոյություն ունի կատարյալ սիրո և միասնության մեջ։ Ինքն Իր հետ կատարյալ ներդաշնակության մեջ գտնվող Աստված մեզ ստեղծել է, որպեսզի ապրենք հարաբերությունների մեջ՝ թե՛ միմյանց հետ, թե՛ եկեղեցում։
Մենք տարբեր ենք, և դա լավ է։ « Եթե ամբողջ մարմինն աչք լիներ, ականջը որտե՞ղ կմնար» (Ա Կորնթ. 12․17)։ Չնայած մեր տարբերություններին՝ մենք բոլորս միմյանց կարիքն ունենք։ Ո՞վ է օգնում քեզ քո տեղական եկեղեցում։ Ասա՛ նրանց, որ գնահատում ես իրենց ծառայությունը։ Շնորհակալություն հայտնի՛ր նրանց նվիրված աշխատանքի համար։ Եվ խնդրի՛ր Աստծուն ցույց տալ, թե Նա ինչ տեղ ու ծառայություն է նախատեսել քեզ համար Իր եկեղեցում։
Ինչո՞ւ Աստված մեզ ստեղծեց այնպես, որ միմյանց կարիքն ունենանք։ Ո՞ւմ կարող ենք այսօր շնորհակալություն հայտնել նրա կատարած ծառայության համար։
Աղոթք – Տե՛ր, զորացրո՛ւ ինձ, որ հավատարմորեն ծառայեմ մարդկանց այնտեղ, որտեղ Դու ես ինձ կանչել։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 16-17, Գործք Առաքելոց 20. 1-16