Եփեսացիներին 5. 15-2 Չորեքշաբթի | Հուլիս 15
Արդ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր վարքին ․․․ ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհությո՛ւն հայտնեք Աստծուն և Հորը։ Եփ․ 5․15,20
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՂԵ՛Ք ԱՄԵՆ ԺԱՄԱՆԱԿ
Կալիֆոռնիայի ափերի մոտ ձկնորսական ցանցերի մեջ էր ընկել մոտ հիսուն տոննա քաշ ունեցող մի կետ։ Հարյուրավոր մետր երկարությամբ ձկնորսական պարագաներն ու մի քանի ցենտներ ծանրությամբ խեցգետնի թակարդները խճճվել էին նրա մարմնի շուրջ՝ ձևավորելով ամուր կծիկ։ Խեղճ կենդանուն մեծ դժվարությամբ էր հաջողվում մնալ ջրի մակերեսին։ Օգնության եկած չորս ջրասուզորդները մոտ մեկ ժամ, իրենց կյանքը վտանգելով, փորձում էին կտրել ամուր ցանցերը, քանի որ կետի հսկայական պոչի մեկ հարվածը կարող էր վնասել նրանց: Վերջապես կետը ազատվեց։ Սակայն նա անմիջապես չհեռացավ, այլ մոտեցավ սուզորդներին և նրբորեն հպվեց նրանցից յուրաքանչյուրին։ «Կարծում եմ՝ նա մեզ շնորհակալություն հայտնեց», - ասաց փրկարարներից մեկը։
Կարո՞ղ են արդյոք կետերը երախտագիտություն հայտնել, մեծ հարց է: Բայց մարդու համար երախտագիտությունը կեցության ամենակարևոր մասն է։ Դա անհրաժեշտ է նաև Աստծո հետ մեր փոխհարաբերություններում: Շատերը շնորհակալություն են հայտնում Նրան մեծ օրհնությունների համար՝ երեխայի ծննդի կամ հարազատի ապաքինման։ Սակայն Պողոս առաքյալը հորդորում է շնորհակալ լինել յուրաքանչյուր պարգևի համար, յուրաքանչյուր երկնային բարության դրսևորման համար՝ «ամեն ժամ ու ամեն բանում» (Եփ. 5․20)։ Ոչ երբեմն։ Ոչ միայն առանձնահատուկ օրհնությունների համար։ Այլ՝ միշտ։
Իսկական երախտագիտությունը պարզապես մի քանի քաղաքավարի արտահայտություն չէ, այլ ապրելակերպ։ Նման երախտագիտությունը նորից ու նորից մեզ դարձնում է դեպի Արարիչը, որ ուրախ սրտով գովաբանենք Նրան:
Ի՞նչ պարգևների համար կարող ենք այսօր շնորհակալություն հայտնել Աստծուն։ Ինչպե՞ս կարող ենք երախտագիտությունը դարձնել մեր կյանքի անբաժանելի մասը։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ ապրել գոհունակ սրտով: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 13-15, Գործք Առաքելոց 19. 21-41