.
2026թ., Հուլիսի 8

Մատթեոս 26. 20-30                                                                             Չորեքշաբթի   |   Հուլիս 8

 

 

․․․ դա է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար։ Մատթ․ 26․28

 

ՍՈՒՐԲ ԲԱԺԱԿ

 

Դարեր շարունակ մարդիկ հետաքրքրված էին Սուրբ Գավաթի՝ այն բաժակի առեղծվածով, որից, ենթադրաբար, Հիսուսը խմել է Վերջին ընթրիքի ժամանակ: Հայտնի ֆիլմում Արթուր թագավորի և Կլոր սեղանի ասպետների լեգենդները պատմում են այս բաժակի որոնման մասին՝ դրան վերագրելով կախարդական ուժ: Գլխավոր հերոս Ինդիանա Ջոնսը՝ գտնելով Գավաթը, իրականացնում է հոր վաղեմի երազանքը:

Թեև նման պատմությունները հետաքրքիր ու գրավիչ են, ճշմարտությունն իրականում շատ ավելի պարզ է։ Նույնիսկ եթե այդ գավաթը պահպանված լիներ, այն ինքնին որևէ գերբնական զորություն չէր ունենա։ Իրական զորությունը ոչ թե գավաթի, այլ այն ճշմարտության մեջ է, որն այն խորհրդանշում է։ Մատթեոս ավետարանիչը պատմում է, թե ինչ տեղի ունեցավ այն վերնատանը, որտեղ Տերն Իր աշակերտների հետ նշում էր Զատիկը. «Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնեց, տվեց նրանց և ասաց. «Բոլորդ խմե՛ք դրանից, որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար»» (Մատթ. 26․27-28)։ Գինով լի բաժակը խորհրդանշում էր այն արյունը, որը Հիսուսը պիտի թափեր մեզ համար՝ մեր մեղքերի թողության և Աստծո հետ նոր ուխտ հաստատելու համար։

Հովհաննես Մկրտիչը հռչակեց, որ Հիսուսն է «Աստծու Գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը» (Հովհ. 1․29)։ Եբրայեցիներին ուղղված թղթում ասվում է, որ «առանց արյուն թափելու թողություն չի լինում» (Եբր. 9․22)։ Իսկ Պողոս առաքյալը գրում է. «մեր Զատիկը՝ Քրիստոսը, մեզ համար մորթվեց» (Ա Կորնթ. 5․7)։ Տերը վճարեց մեր փրկության գինը: Որքա՜ն երախտապարտ պետք է լինենք մեր Փրկչի՝ Աստծո Գառի թափված արյան համար:

 

Ի՞նչ նշանակություն ունի մեր համար Տիրոջ Ընթրիքին մասնակցելը։ 

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, եթե Դու չփրկեիր ինձ, ես ընդմիշտ կորած կլինեի։ Շնորհակալ եմ Որդուդ համար, ով իմ փոխարեն խաչը բարձրանավ և փրկություն շնորհեց։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 36-37, Գործք Առաքելոց 15. 22-41