.
Ամառային ճամբարների մեկնարկը՝ առաջնորդների վերապատրաստմամբ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) քրիստոնեական դաստիարակության ծառայության կարևորագույն ուղղություններից մեկը ամառային ճամբարներն են, որոնց արդյունավետությունը մեծապես պայմանավորված է լավ պատրաստված, նվիրված և նպատակասլաց ծառայողներով։

Հենց այդ նպատակով էլ, նախքան ճամբարականներին ընդունելը, կազմակերպվում է առաջնորդների վերապատրաստման ճամբար, որտեղ նրանք հոգևորապես, տեսականորեն և գործնականորեն պատրաստվում են առաջիկա ամառային ծառայությանը։ Այս տարի, հունիսի 25-27-ը, Հանքավանի «Շողիկ» ճամբարում հավաքվել էին տարբեր քաղաքներից Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու շուրջ 140 ծառայող՝ միասին նախապատրաստվելու 2026 թվականի մանկական, մանկապատանեկան, պատանեկան և երիտասարդական ճամբարներին։

Հանդիպումը մեկնարկեց պաշտամունքով, որի պատգամաբերն էր ՀԱԵ ավագ հովիվ, վեր. Ավետիք Խաչատրյանը։ Հիմնվելով Հակոբոս 4․10-ի վրա՝ նա խոսեց ծառայության մեջ խոնարհ սրտի կարևորության մասին՝ ընդգծելով, որ խոնարհությունը թուլություն չէ, այլ ճշմարտությունն ընդունելու և աճելու պատրաստակամություն։ Այն սեփական անձը թերագնահատելը չէ, այլ Աստծո մեծությունը գիտակցելը։

Ճամբարի ընթացքում մասնակիցները լսեցին նաև ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նախագահ, վեր. Վարդան Ափինյանի պատգամը՝ պատրաստակամ և արձագանքող սրտի մասին՝ հիմնված Եսայի 6․8-ի վրա։ Նա շեշտեց, որ Աստված չի փնտրում կատարյալ կամ ամենակարող մարդկանց, այլ նրանց, ովքեր պատրաստ են պատասխանել Նրա կանչին՝ ասելով. «Ահա՛ ես, ուղարկի՛ր ինձ»։

ՀԱԵ Աբովյանի հովիվ, պատ. Արմեն Միսակյանը խոսեց մաքուր սրտի կարևորության մասին (Սաղմոս 51․10)՝ նշելով, որ մաքրությունը միայն մեղքի բացակայությունը չէ, այլ սրտի ամբողջական ու անկեղծ ուղղվածությունը դեպի Աստված՝ առանց երկերեսանիության։

Իսկ ՀԱԵ Սիսիանի հովիվ, պատ. Արման Մարտիրոսյանը խոսեց զգոն սրտի մասին (Առակներ 4․23)՝ ընդգծելով, որ այս աշխարհը լի է հոգևոր աղմուկով և թունավոր ազդեցություններով։ Քրիստոնյան կոչված է լինելու իր սրտի պահապանը՝ թույլ չտալով, որ նախանձը, դառնությունը կամ ատելությունը բնակություն հաստատեն այնտեղ։

Հոգևոր պատրաստությանը զուգահեռ առաջնորդներն անցան նաև գործնական վերապատրաստում։

Հատուկ հոգեբան Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրեց «Ինտեգրումը ճամբարում» և «Մանիպուլյացիան մանկապատանեկան տարիքում» թեմաները՝ օգնելով ծառայողներին ավելի լավ հասկանալ երեխաների և դեռահասների վարքագծային առանձնահատկությունները, ինչպես նաև ստեղծել ապահով և ներառական ճամբարային միջավայր, հատկապես ինտեգրման դժվարություններ ունեցող երեխաների համար։

AMAA-ի կրթական ծրագրերի ղեկավար Հասմիկ Կյուրեղյանը խոսեց ֆասիլիտացիայի մասին՝ ներկայացնելով խմբային աշխատանքի արդյունավետ կազմակերպման սկզբունքներն ու գործիքները։ Իսկ ՀԱԵ ծառայող, Ստեփանավանի «Շող» ցերեկային կենտրոնի ղեկավար Անի Հաջինյանը գործնականորեն ներկայացրեց, թե ինչպես վարել հետաքրքիր, ակտիվ և արդյունավետ քննարկումներ տարբեր տարիքային խմբերի հետ։

Ճամբարների տնօրեններն ու ծրագրային պատասխանատուները ներկայացրին նաև 2026 թվականի ճամբարային թեմաները. մանկական՝ «Թըխկ, թըխկ, բացի՛ր դուռը», մանկապատանեկան և պատանեկան՝ «Կանչի՛ր 33.3», երիտասարդական՝ «Տե՛ս ավելին»։ Ամիսների ընթացքում մշակված և յուրաքանչյուր տարիքային խմբի առանձնահատկություններին համապատասխանեցված այս ծրագրերը հազարավոր երեխաների ու երիտասարդների հնարավորություն կտան ճանաչելու աստվածաշնչյան ճշմարտությունները և կդառնան նրանց հոգևոր աճի կարևոր ուղենիշներից։

Առաջնորդների ճամբարը կարևոր նախապատրաստական փուլ էր ամառային ճամբարներից առաջ։ Հոգևոր պատգամները, գործնական դասընթացներն ու համատեղ ծրագրավորումը ծառայողներին հնարավորություն տվեցին ավելի պատրաստ և միասնական կերպով մոտենալու առաջիկա ծառայությանը, որպեսզի 2026 թվականի ճամբարները դառնան երեխաների և երիտասարդների համար ոչ միայն հետաքրքիր ու հիշարժան, այլև հոգևոր աճին նպաստող միջավայր։

Նախորդ
...
X