.
180 տարի. Ավետարան, կրթություն և ազգային ծառայություն

«Սերունդը սերնդին պիտի գովի Քո գործերը և պիտի պատմի Քո զորությունները» (Սաղմոս 145․4)

Հայ Ավետարանական եկեղեցու 180-ամյակը պարզապես հոբելյանական տարեդարձ չէ։ Այն Աստծո հավատարմության կենդանի վկայությունն է, առիթ՝ կանգ առնելու, երախտագիտությամբ հիշելու անցած ճանապարհը և նորովի վերագնահատելու այն կոչումը, որ Տերը վստահել է մեզ հայ ժողովրդի կյանքում։

180 տարի առաջ մի խումբ հավատացյալներ, վերադառնալով Սուրբ Գրքի ճշմարտություններին, սկսեցին մի շարժում, որի նպատակը նոր եկեղեցի ստեղծելը չէր, այլ Ավետարանի լույսով նորոգել մարդուն, ընտանիքը, եկեղեցին և ազգը։ Այդ պատճառով 1846 թ. հուլիսի 1-ին նրանք հայտարարեցին. «Որոշած ենք Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի կազմուիլ և ուրիշ ոչ մեկ բան»։

Այս խոսքերը մինչ օրս շարունակում են սահմանել մեր ինքնությունը։ Հայ Ավետարանական եկեղեցին հայ է իր ծագումով, ավետարանական՝ իր հավատքով, ազգային՝ իր առաքելությամբ, քրիստոսակենտրոն՝ իր կոչումով։

Մենք հայ ենք, որովհետև մեր պատմության, լեզվի, մշակույթի, ազգային ցավերի ու հաղթանակների կրողն ենք։

Մենք ավետարանական ենք, որովհետև հավատում ենք, որ Աստծո Խոսքը կյանքի, ճշմարտության և նորոգման բացարձակ չափանիշն է, և որ մարդկային կյանքի իրական փոփոխությունը սկսվում է Հիսուս Քրիստոսի հետ հանդիպումից։

Մենք ազգային ենք մեր առաքելությամբ, որովհետև հավատում ենք, որ Աստված մեզ պատասխանատվություն է տվել ծառայելու հայ ժողովրդին Հայաստանում և Սփյուռքում՝ նպաստելով նրա հոգևոր, կրթական և բարոյական զորացմանը։

Եվ մենք քրիստոսակենտրոն ենք մեր կոչումով, որովհետև մեր բոլոր ծրագրերը, կառույցները և նախաձեռնությունները միայն մեկ նպատակ ունեն՝ մարդկանց առաջնորդել դեպի Քրիստոս։

180-ամյակը մեզ հիշեցնում է, որ մենք սերունդների երկար շղթայի միայն մեկ օղակն ենք։ Մեզնից առաջ եղածները հավատարմորեն փոխանցեցին Ավետարանի ջահը՝ պահելով հավատը դժվար ժամանակներում։ Նրանք հիմնեցին եկեղեցիներ, դպրոցներ, քոլեջներ և կրթական հաստատություններ, իրականացրին հայ որբերի փրկության համարձակ առաքելությունը, հիմնեցին որբանոցներ, աջակցեցին գաղթականներին, և բազմաթիվ սոցիալական ու կրթական ծառայություններ կյանքի կոչեցին՝ օգնելով հազարավոր հայերի վերակառուցել իրենց կյանքը։

Նրանք նշանակալի դեր ունեցան ժամանակակից արևմտահայ և արևելահայ գրական լեզուների զարգացման, կրթության և հրատարակչական մշակույթի ձևավորման գործում։ Վերջապես, նրանք սիրեցին Աստծուն, ապրեցին սրբակյաց ու առաքինի կյանքով և ծառայեցին իրենց ժողովրդին՝ Քրիստոսի անունով։

Այժմ այդ նույն ջահը մեր ձեռքում է։ Մեր գլխավոր հարցն այլևս այն չէ, թե ինչ ենք ստացել։ Մեր գլխավոր հարցն է. ի՞նչ ենք փոխանցելու հաջորդ սերնդին։

Մեր երազանքն ու ամենօրյա աշխատանքն է ձևավորել այնպիսի սերունդ, որը կլինի Քրիստոսի աշակերտ իր հավատքի մեջ, ազնիվ՝ իր գործերում, պատասխանատու՝ իր ընտանիքում, ստեղծարար՝ իր աշխատանքում և նվիրված՝ իր հայրենիքին։ Այդպիսի մարդիկ են ձևավորում ոչ միայն առողջ եկեղեցիներ, այլև ուժեղ պետություն, կենսունակ հասարակություն և հույսով լի ապագա։

Այսօր Հայ Ավետարանական եկեղեցին Հայաստանում և Սփյուռքում իր ամենօրյա ծառայությամբ, վկայությամբ ու քրիստոնեական արժեքների ուսուցմամբ ձևավորում է Քրիստոսին նվիրված, Աստծո Խոսքով առաջնորդվող, գրագետ հայերեն խոսող, հայ մշակույթը գնահատող, ամուր ընտանիքներ կառուցող, աշխատասեր և ստեղծարար, ազնիվ, արդար ու անկաշառ, հայրենիքի նկատմամբ պատասխանատվություն կրող սերունդ։ Այսօր եկեղեցու պատերի ներսում կերտվում են այն երիտասարդները, որոնք վաղը կդառնան հոգևոր և աշխարհական առաջնորդներ, ուսուցիչներ, բժիշկներ, գիտնականներ, գործարարներ, պետական ծառայողներ և հասարակական ակտիվիստներ, բայց ամենից առաջ՝ Քրիստոսի հավատարիմ աշակերտներ։

Թող Տերը մեզ շնորհ տա, որ այս պատմական հանգրվանում մենք ոչ միայն փառավորենք անցյալը, այլև հավատքով կերտենք ապագան։

Թող հաջորդ սերունդները ևս կարողանան վկայել. «Սերունդը սերնդին պիտի գովի Քո գործերը և պիտի պատմի Քո զորությունները»։

Եվ թող Հայ Ավետարանական եկեղեցին Աստծո շնորհով շարունակի իր պատմական կոչումը՝ Ավետարանով նորոգել մարդուն, կրթությամբ զորացնել ազգը, ծառայությամբ շենացնել հայրենիքը և սերնդից սերունդ փոխանցել Քրիստոսի լույսը՝ ի փառս Աստծո և ի բարօրություն հայ ժողովրդի։

 

Վեր. Ավետիք Խաչատրյան
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու
ավագ հոգևոր հովիվ