.
2026թ., Հուլիսի 2

Հայտնություն 2.12.17                                                                           Հինգշաբթի   |   Հուլիս 2

 

 

… և կտամ նրան սպիտակ ընտրաքար և դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի այն ստացողից։ Հայտն. 2.17

 

ՆՈՐ ԱՆՈՒՆ

 

Սիլվիան ֆերմերի կին էր, ով իր սրտում մեծ երազանք ուներ։ Նա ցանկանում էր բարձր բլրի վրա գտնվող իրենց քարե ամբարները վերածել աղոթքի տան և քրիստոնեական հանգստի կենտրոնի, որը շուտով իրականություն դարձավ: Նա որոշեց փոխել նաև իր անունը՝ որպես նոր սկզբի խորհրդանիշ։ «Սիլվիա» անունը նրան հիշեցնում էր իր անցյալ կյանքը։ Դրա փոխարեն նա խնդրեց, որ իրեն կոչեն Մարգարետ, ինչը նշանակում է «մարգարիտ»։ Նա հավատում էր, որ այդ անունն ավելի լավ է արտահայտում իր արժեքը Երկնային Հոր աչքերում։

Աստվածաշնչում բազմաթիվ դեպքեր կան, երբ մարդիկ նոր անուն էին ստանում՝ որպես նոր կյանքի և նոր ճանապարհի խորհրդանիշ։ Այդպիսի օրինակներից մեկը վերաբերում է նաև մեզ։ Դիմելով Պերգամոնի քրիստոնյաներին և կոչ անելով նրանց հավատարիմ մնալ, Հիսուսն ասում է, որ նրանց կտա «սպիտակ ընտրաքար և դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի այն ստացողից» (Հայտն. 2․17)։ Հին ժամանակներում նման քարերը տրվում էին մարզական մրցումների հաղթողներին՝ որպես տոնական խնջույքին մասնակցելու անցագիր։ Սպիտակ քարերը նաև օգտագործվում էին դատավարությունների ժամանակ՝ որպես արդարացման և անմեղ ճանաչվելու նշան։ Նույն կերպ էլ Քրիստոսը, երբ մենք ապաշխարությամբ գալիս ենք Իր մոտ, մեզ հայտարարում է «սուրբ, անբիծ ու անմեղադրելի» (Կող. 1․22)։ Նա մեզ տալիս է այդ սպիտակ քարը՝ որպես Իր հաղթանակի խորհրդանիշ, արդարացված լինելու նշան և «անցագիր» դեպի երկնային խնջույք։

Այսօր Նա գիտի մեր անունները, սակայն գալիք փառավոր օրը մեզ նոր անուն կտա՝ Հավատարիմ, Ներված, Սուրբ, գուցե դրանից էլ առավել հրաշալի մի անուն։ Նա արդեն գիտի մեր նոր անունը, և մի օր այն կբացահայտի նաև մեզ։

 

Ի՞նչ ենք զգում, երբ խորհում ենք այն մասին, որ Աստված անձամբ ճանաչում է մեզ։ Ինչպե՞ս ենք արձագանքում Նրա խոստմանը, որ մի օր մեզ նոր անուն կշնորհի:

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ ինձ անունով ես ճանաչում և հատուկ անուն ես պատրաստել երկնքում: Ամեն։

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 22-24, Գործք Առաքելոց 11