.
2026թ., Հուլիսի 1

Ղուկաս 22. 14-23                                                                                Չորեքշաբթի   |   Հուլիս 1

 

 

Ով ուտում է իմ մարմինը և խմում իմ արյունը, ինձ հետ է միավորվում, ես էլ՝ նրա հետ։ Հովհ. 6.56

 

ՄՆԱՑԵ՛Ք ՔՐԻՍՏՈՍԻ ՄԵՋ

 

«Վայելքը լիարժեք է դառնում միայն այն ժամանակ, երբ վերածվում է հիշողության»։ Այս խոսքերը, որոնք հնչում են «Լուռ մոլորակից դուրս» գրքի հերոսներից մեկի շուրթերով, խոսում են այն ուրախության մասին, որ մենք ապրում ենք՝ մտովի վերադառնալով մեր սրտում պահված թանկ պահերին։ Օրինակ՝ մենք հիանում ենք բնության գեղեցկությամբ զբոսանքի կամ արշավի ժամանակ, կամ ուրախանում ենք որևէ կարևոր իրադարձությամբ, որը կիսել ենք սիրելի մարդկանց հետ։ Սակայն այն զգացումը, որ ապրում ենք այդ պահին, միայն սկզբնական ուրախությունն է։ Շատ հաճախ այդ պահերի հետագա հիշողությունները զգալիորեն խորացնում և բազմապատկում են մեր ուրախությունը՝ կրկին ու կրկին հիշեցնելով, թե ինչ թանկարժեք պարգև էին դրանք մեզ համար։

Հավանաբար հենց այդ պատճառով Տերը պատվիրեց Իր աշակերտներին կատարել այն, ինչ մենք այսօր կոչում ենք Տիրոջ Ընթրիք։ Իր մահվանից առաջ՝ գիշերը, երբ Նա աշակերտների հետ կիսում էր զատկական ընթրիքը, նոր իմաստ տվեց այդ արարողությանը։ Տերը վերցրեց անխմոր հացը, կոտրեց այն և տվեց աշակերտներին, ապա նրանց մեկնեց բաժակը՝ ասելով, որ դրանք Իր մարմինն ու արյունն են (Ղուկ. 22․19-20)։ Աշակերտները պետք է շարունակաբար վերապրեին և հիշեին այդ երեկոյի իրադարձությունը՝ կատարելով դա ի հիշատակ իրեն (հ. 19)։

Հրեա ժողովուրդը, տոնելով Զատիկը, հիշում էր, թե ինչպես Աստված հրաշքով ազատագրեց իրենց եգիպտական գերությունից (Ելք 12․17)։ Եվ նրանք, ովքեր ապավինում են Հիսուսի զոհաբերությանը` ճաշակելով Տիրոջ ընթրիքից, կրկին ու կրկին հռչակում են Աստծո ազատագրումը մեղքի հետևանքներից: Սա տխուր, բայց միևնույն ժամանակ ուրախ հիշողություն է։ Պարբերաբար դա անելով՝ մենք սովորում ենք հաղորդության մեջ մնալ Քրիստոսի հետ (Հովհաննես 6.56) և ճաշակել Նրա հետ միասնության ուրախությունը։

 

Ինչպե՞ս կարող են հիշողությունները դառնալ Աստծուն մատուցվող մեր երկրպագության մի մասը։ Աստծո ո՞ր գործերն են առավել հիշարժան մեր կյանքում։

 

Աղոթք – Սիրելի՛ Հայր, օգնի՛ր ինձ միշտ հիշել և կարևորել Քո կատարած գործերն իմ կյանքում։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 20-21, Գործք Առաքելոց 10. 24-48