Ա Կորնթացիներին 3. 1-11 Երեքշաբթի | Հունիս 30
Ուրեմն ո՛չ տնկողը որևէ բան արժի, ո՛չ էլ ջրողը, այլ Աստված, որ աճեցնում է։ Ա Կորնթ․ 3․7
ԱՂՈԹՔ ՀՈԳԵՎՈՐ ԱՃԻ ՀԱՄԱՐ
Երբ Լամ Վայ Չանը թողնում էր իր հայրենի Սինգապուրը՝ Ճապոնիայում որպես հովիվ եկեղեցում ծառայելու համար, նա մեծ անհանգստություն էր զգում։ Եկեղեցում նույնիսկ քսան անդամ չկար։ Ճապոնիան հաճախ անվանում են «միսիոներների գերեզմանոց», քանի որ բնակչության ընդամենը մեկ տոկոսն է քրիստոնյա, իսկ շատ եկեղեցիներ դատարկ են մնում։ Լամը խոստովանում էր, որ իրեն զգում էր այնպես, «ասես ստանձնել էր խորտակվող նավի ղեկավարությունը»։ Սակայն աղոթքի մեջ նա պատասխան ստացավ Աստծուց․ «Վստահի՛ր Ինձ քո եկեղեցին»։
Փոխանակ փոխելու պաշտամունքի կարգը կամ երաժշտական ոճը՝ Լամը կոչ արեց հավատացյալներին աղոթել իրենց կարիքների, ընտանիքների և այն ընկերների համար, որոնք դեռ չեն ճանաչում Քրիստոսին։ Ժամանակի ընթացքում համայնքը սկսեց աճել և ի վերջո կրկնապատկվեց։
Հովիվ Լամն ու նրա եկեղեցին հետևեցին Քրիստոսի Մարմնի կառուցման աստվածաշնչյան օրինակին։ Առաջին հերթին՝ աղոթք։ «․․ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն», - գրում է Պողոս առաքյալը (Փիլ. 4․6)։ Այսպես մենք մեր ցանկություններն ու ծրագրերը վստահում ենք Աստծուն։ Մենք կարող ենք սերմանել և ջրել, սակայն, ինչպես ասում է առաքյալը, «ո՛չ տնկողը որևէ բան արժի, ո՛չ էլ ջրողը, այլ Աստված, որ աճեցնում է» (Ա Կորնթ. 3․7)։
Պողոսը հորդորում էր Կորնթոսի հավատացյալներին դադարեցնել վեճերն այն մասին, թե ծառայողներից ով է ավելի կարևոր և ում հետևորդներն են իրենք ուզում լինել (հ. 3–6)։ Ի վերջո, «ոչ ոք դրվածից տարբեր հիմք չի կարող դնել, որ Հիսուս Քրիստոսն է» (Ա Կորնթ. 3․11)։ Եկե՛ք աղոթքով վստահենք Նրան մեր ծառայությունն ու մեր եկեղեցին:
Ինչպե՞ս կարող ենք քննել և գնահատել մեր մասնակցությունը Քրիստոսի Մարմնի՝ եկեղեցու կառուցման գործում։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ հավատարիմ մնալ Քեզ ծառայելու մեջ, և Ինքդ կառուցի՛ր ու զորացրո՛ւ Քո եկեղեցին։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 17-19, Գործք Առաքելոց 10. 1-23