Եբրայեցիներին 10. 1-10 Երկուշաբթի | Հունիս 29
Այդ կամքով է, որ մենք սրբվեցինք Հիսուս Քրիստոսի մարմնի միանգամյա ընծայաբերումով։ Եբր․10․10
ՀԻՍՈՒՍԸ՝ ՄԵՐ ՓՈԽԱՐԵՆ
19-րդ դարում Ֆրանսիայում և Բելգիայում լայնորեն կիրառվում էր փոխարինման համակարգը, որը հնարավորություն էր տալիս ապահովված մարդկանց խուսափել զինվորական ծառայությունից։ Զորակոչիկները պետական տուրք էին վճարում և զգալի գումար տալիս կամավոր փոխարինողներին, որից հետո ազատվում էին ծառայությունից։ Այսպիսով, նման հնարավորություններից կարող էին օգտվել միայն հարուստները։
Պողոս առաքյալը գրում է համընդհանուր հոգևոր պայքարի մասին, որի մեջ «բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից» (Հռ. 3․23), իսկ «մեղքի հատուցումը մահն է» (Հռ. 6․23)։ Այստեղ ոչ մի բացառություն չկա՝ որքան էլ մեղավորը հարուստ, ազդեցիկ կամ հզոր լինի։ Սակայն Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը փառաբանում է Աստծուն, Ով Իր անսահման ողորմությամբ ուղարկեց Հիսուս Քրիստոսին՝ լինելու մեր Փոխարինողը, կրելու մեր մեղքերի պատիժը և վճարելու մեր պարտքը՝ Իր մարմինը զոհ մատուցելով (Եբր. 10․10)։ Մենք «Քրիստոսի հետ մեռանք» և այժմ հավատում ենք, որ «Նրա հետ էլ կապրենք» (Հռ. 6․8)։
Սա է Բարի լուրը՝ Քրիստոսը մահացավ իմ և քո համար՝ կրելով մեր փոխարեն մեղքի պատիժը։ Եվ մենք ոչ միայն փրկվեցինք կործանումից, այլ դարձանք Աստծո որդիներն ու դուստրերը՝ ընդունված Նրա ընտանիքի մեջ և ժառանգակից Նրա խոստումներին։
Ի՞նչ ենք զգում, երբ խորհում ենք այն մասին, որ Քրիստոսը մահացավ մեզ համար։
Ինչպե՞ս կարող ենք Բարի լուրը փոխանցել մեր ընկերներին, որպեսզի նրանք նույնպես ճանաչեն Նրա սերն ու փրկությունը։
Աղոթք – Տե՛ր Հիսուս, փառաբանում եմ Քեզ, որ խաչի վրա զբաղեցրիր իմ տեղը և ինձ պարգևեցիր հավիտենական կյանք։Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 14-16, Գործք Առաքելոց 9. 22-43