Սաղմոսներ 51.1-12 Կիրակի | Հունիս 28
Մաքրի՛ր ինձ զոպայով, և ես մաքուր կլինեմ. լվա՛ ինձ, և ես ձյունից սպիտակ կլինեմ։ Սաղմ 51.7
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
«Բարձրացրու՛ գլուխդ», - ասացի ես իմ յոթնամյա որդուն՝ Թոմին, ով նեղված ժամանակ կուչ էր գալիս, գլուխը կախում կրծքին և ձեռքերով գրկում այն։
Փոքրիկը մի փոքր բարձրացրեց գլուխը՝ ցույց տալով իր տխուր աչքերը։ Նախքան կհասցնեի հարցնել, թե ինչու է հարվածել եղբորը, ինքն արդեն բացատրեց․ «Ես սոված էի ու հոգնած, իսկ նա սկսեց ինձ ծաղրել։ Հետո մոռացա այն խոսքերը, որ պետք է ասեի, դրա համար էլ հարվածեցի նրան։ Բայց ես գիտեմ, որ այդպես չպետք է վարվեի»։
Ես ակամա ժպտացի։ Թոմն ընդունեց իր սխալը և մեր կարճ զրույցից հետո կարողացավ իրավիճակին նայել իմ տեսանկյունից։ Երբ մենք ամաչում ենք, մենք նույնպես կարող ենք գլուխներս կախ մոտենալ մեր Երկնավոր Հորը։ Բայց ինչպե՞ս է Աստված վերաբերվում մեր ձախողումներին։
Ծանր մեղքերի մի ամբողջ շղթայից հետո Դավիթը կարողացավ դրանք տեսնել Աստծո տեսանկյունից։ «Միայն քո դեմ մեղանչեցի և քո աչքի առաջ չարիք գործեցի», - աղոթում էր նա (Սաղմ. 51․4)։ Դավիթն իր մոտ առավ իր զինվորներից մեկի կնոջը, ապա կազմակերպեց այդ մարդու մահը։ Որքա՜ն սարսափելի և ստոր արարք էր։ Սակայն ամենից առաջ նա մեղանչել էր Աստծո դեմ։ «․․․ որպեսզի դու արդար լինես խոսքերում և մաքուր լինես քո դատաստանի մեջ», - խոստովանում էր Դավիթն Աստծո առաջ (հ. 4)։ Բայց միաժամանակ նա դիմում էր Աստծուն հույսով լի սրտով․ «․․․ լվա՛ ինձ, և ես ձյունից սպիտակ կլինեմ» (հ. 7)։
Մեղքի խոստովանությունը հաճելի գործընթաց չէ։ Սակայն խոստովանությունը վերականգնում է, ուրախություն պարգևում և մեզ վերադարձնում մեր Երկնային Հոր մոտ։ Երբ մենք ընդունում ենք Աստծո տեսակետը մեղքերի վերաբերյալ, զրկում ենք չարին իր խաբուսիկ գրավչությունից և հաստատում ենք, որ ցանկանում ենք ապրել Աստծո կամքի համաձայն՝ Նրա ներմամբ մաքրված սրտով (հ. 10)։
Ի՞նչ ենք զգում, երբ մեր մեղքերը խոստովանում եք Աստծո առաջ։
Ինչպե՞ս կարող ենք ապրել խոստովանությունը ոչ թե որպես պարզապես պարտականություն, այլ որպես ուրախ վերադարձ և հաշտություն մեր Երկնային Հոր հետ։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ առանց հապաղելու գալ Քեզ մոտ խոստովանությամբ՝ վստահ լինելով, որ Դու միշտ պատրաստ ես ներելու, մաքրելու և վերականգնելու ինձ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 11-13, Գործք Առաքելոց 9. 1-21