.
2026թ., Հունիսի 27

Կողոսացիներին 1. 15-23                                                                          Շաբաթ   |   Հունիս 27

 

 

Նա է ամեն ինչից առաջ, ու ամեն ինչ նրանով է իր տեղում։ Կող․ 1․17

 

ՄԻԱԿ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

 

Սառը կլիմայական պայմաններում ծառերը ձմռանը պատրաստվում են հատուկ գործընթացի միջոցով, որը կոչվում է «կարծրացում»։ Ջուրը դուրս է գալիս բջիջներից, որպեսզի սառչելիս չպատռի փայտանյութը։ Միջբջջային տարածություններում մնացած ջուրը չափազանց մաքուր է սառցե բյուրեղներ առաջացնելու համար։ Ջերմաստիճանը կարող է իջնել զրոյից ցածր, սակայն ծառը նման պայմաններում անգամ չի ճաքում։ Այս գործընթացը տեղի է ունենում ամեն տարի՝ նույն ժամանակահատվածում։ Ծառերը կողմնորոշվում են օրվա երկարությամբ։ Նրանք չեն ապավինում եղանակին, որը կարող է սովորականից տաք լինել, այլ վստահում են արևին՝ միակ անփոփոխ չափանիշին։

Սակայն Աստծո Որդին, ով ստեղծեց արևը, էլ ավելի վստահելի է։ «Նա աներևույթ Աստծու պատկերն է՝ բոլոր արարածներից առաջ ծնված, որովհետև նրանով ստեղծվեց ամեն բան… Նա է ամեն ինչից առաջ» (Կող. 1․15-17)։ Ո՞վ ասաց ծառերին, թե երբ պետք է կարծրանան։ Նույն Որդին, Ով հրամայում է արևին ամեն առավոտ ծագել և ամեն երեկո մայր մտնել, Ով կառավարում է լուսնի մակընթացությունները, Ով պտտեցնում է էլեկտրոններն ատոմների մեջ: Եվ հենց Նա է մեզ պահում ու զորացնում, երբ դժվար իրավիճակում ենք։

Աշխարհը չի պահպանվում բնության մեջ ինչ-որ ուժի կողմից, այլ դրանից դուրս գտնվող Անձի, Ով եկավ Իր կողմից ստեղծած աշխարհ, որ «ամեն բան հաշտեցնի Իր հետ» (հ․ 20): Ամենուր տարածված անորոշության մեջ մենք կարող ենք վստահ լինել, որ Հիսուս Քրիստոսը մեզ Իր առաջ կներկայացնի որպես՝ «սուրբ, անբիծ ու անմեղադրելի» (հ. 22)։ 

 

Ինչի՞ց ենք վախենում։ Եվ ինչպե՞ս է Քրիստոսի իշխանությունն աշխարհի վրա օգնում մեզ Նրա մեջ խաղաղություն գտնել։

 

Աղոթք – Տե՛ր, Քեզ եմ վստահում այն ամենը, ինչ կհանդիպի իմ ճանապարհին։ Ամեն։

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 8-10, Գործք Առաքելոց 8. 26-40