.
2026թ., Հունիսի 26

Ղուկաս 10. 30-37                                                                                      Ուրբաթ   |   Հունիս 26

 

 

Իսկ ո՞վ է իմ մերձավորը։ Ղուկ. 10․29

 

Ո՞Վ Է ԻՄ ՄԵՐՁԱՎՈՐԸ

 

Շոգ կեսօրին մի տարեց կին հանկարծ կորցրեց գիտակցությունը և ընկավ մայթին։ Անցորդներն անմիջապես շրջապատեցին նրան։ Մեկը զանգահարեց շտապ օգնություն,  մյուսը զգուշորեն իր բաճկոնը դրեց կնոջ գլխի տակ, մեկ ուրիշը հովանոց պահեց նրա վրա, մինչև որ շտապ օգնությունը ժամանեց։ Այդ ամենը տեսանկարահանած և համացանցում հրապարակած մարդը գրեց, որ իրեն հատկապես հուզել էր այն, որ օգնության հասած մարդիկ տարբեր տարիքի և ազգությունների էին։ Նրանք միավորվել էին կարիքավոր մարդուն օգնելու համար։

Երբ մի օրենսգետ հարցրեց Հիսուսին, թե ով է իր մերձավորը (Ղուկ. 10․29), այսինքն՝ ում պետք է սիրի, Տերը պատմեց առակ մի մարդու մասին, ում ավազակները դաժանորեն ծեծել էին և կիսամեռ թողել ճանապարհի եզրին (հ. 30-31)։ Նրա մոտով անցավ մի քահանա, ապա՝ մի ղևտացի, սակայն երկուսն էլ անտարբեր անցան կողքով։ Վերջապես մի սամարացի կանգ առավ և օգնեց։ Այս պատմության առանձնահատկությունն այն էր, որ հրեաների և սամարացիների միջև երկար տարիների փոխադարձ թշնամանք ու արհամարհանք կար։ Սակայն հենց սամարացին էր, որ «գթաց» վիրավոր մարդուն և օգնության ձեռք մեկնեց նրան (հ. 33)։

Պատմելով այս առակը՝ Հիսուսը հարցրեց, թե ավազակների ձեռքն ընկած մարդու մերձավորն ո՞վ եղավ։ Օրենսգետը պատասխանեց. «Նա, ով ողորմեց նրան» (հ. 37)։ Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Գնա՛, դո՛ւ էլ այդպես արա»։

Թող Աստված օգնի մեզ հանդիպած  յուրաքանչյուր մարդու մեջ տեսնել մեր մերձավորին՝ մարդկանց, որոնք ստեղծված են Իր պատկերով և այդ պատճառով արժանի են մեր սիրուն, հոգատարությանն ու օգնությանը։

 

Ո՞ւմ հանդեպ է մեզ համար ամենադժվարը բարի ու կարեկից մերձավոր լինել։ Ի՞նչ է նշանակում իրականում լինել մերձավոր։

 

Աղոթք – Սիրելի՛ Տեր, օգնի՛ր սիրել մարդկանց որպես իմ մերձավորների՝ անկախ մեր տարբերություններից։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 5-7, Գործք Առաքելոց 8. 1-25