Ովսեե 14. 1-7, 9 Հինգշաբթի | Հունիս 25
․․․որբը քեզանից է ողորմություն գտնում։ Ովս․ 14․3
ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ ՈՐԲԵՐԻ ՀԱՄԱՐ
Մերի Սլեսորի սիրտը լցված էր դժբախտության մեջ հայտնված երեխաների հանդեպ խոր կարեկցությամբ։ Տասնիններորդ դարում ապրած այս շոտլանդացի միսիոներն իր ծառայությունն էր իրականացնում հեռավոր երկրում: Սնահավատ տեղացիները հավատում էին, որ եթե երկվորյակներ են ծնվում, ապա երեխաներից մեկը բնական նորմալ երեխա է, իսկ մյուսը՝ դև։ Այդ պատճառով հաճախ երկու երեխաներին էլ թողնում էին անօգնական՝ սովի և այլ վտանգների ճիրաններում, ինչն ավարտվում էր նրանց մահով։ Աստծո սիրուց մղված՝ Մերին փրկեց հարյուրավոր երեխաների կյանքեր, իսկ իննին որդեգրեց և մեծացրեց որպես իր հարազատ զավակներ։
Ովսեե մարգարեի՝ անհնազանդ Իսրայելին ուղղված աստվածաշնչյան խոսքերի մեջ բացահայտվում է հոգատար և ողորմած Աստծո սիրտը։ «․․․որբը քեզանից է ողորմություն գտնում », - ասում է մարգարեն (Ովս. 14․4)։ Ովսեեն հայտարարում էր, որ Աստված սիրում է Իր ժողովրդին և բարեհաճ է նրա հանդեպ (հ. 5)։ Սակայն իսրայելացիները պետք է թողնեին իրենց հեթանոսական կուռքերը, հրաժարվեին մեղքից, վերադառնային ճշմարիտ Աստծուն և ընդունեին Նրա կամքը։ Եթե նրանք այդպես վարվեին, Աստծո մոտ կգտնեին ողորմություն, ներողամտություն և վերականգնում (հ. 2-3)։
Բացելով մեր սրտերը կարիքավորների, այդ թվում՝ երեխաների առաջ, մենք արտացոլում ենք Աստծո սերը։ Եկե՛ք հետևենք Նրա օրինակին և ցուցաբերենք Նրա հոգատարությունն ու ողորմությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր ունեն մեր օգնության, աջակցության և սիրո կարիքը։
Ինչպե՞ս է Աստծո օրինակը մղում մեզ ողորմություն դրսևորել կարիքավորների հանդեպ։
Աղոթք – Տե՛ր, բացիր իմ սիրտն ու ձեռքերը նրանց համար, ովքեր գտնվում են կարիքի մեջ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 3-4, Գործք Առաքելոց 7. 44-60