.
2026թ., Հունիսի 24

Սաղմոսներ 46․1-11                                                                          Չորեքշաբթի   |   Հունիս 24

 

 

Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։ Սաղմ․ 46․1

 

ԴՈՒ ԻՆՁ ՀԵՏ ԵՍ

 

Հորացիո Սփաֆֆորդը լավ գիտեր, թե ինչ է վիշտը։ Նրա չորսամյա որդին մահացավ կարմրախտից։ Սփաֆորդը հաջողակ իրավաբան էր, սակայն հետո Չիկագոյի մեծ հրդեհի ժամանակ անշարժ գույքի մեջ կատարած նրա ներդրումները մոխրի վերածվեցին։ Իսկ երկու տարի անց այն շոգենավը, որով նրա կինը՝ Աննան, և չորս դուստրերը ճանապարհորդում էին դեպի Անգլիա, բախվեց մեկ այլ նավի և խորտակվեց։ Աղջիկները ցավոք սրտի մահացան, իսկ մայրը միակ փրկվածն էր։

Վշտից ծանրաբեռնված՝ Հորացիոն գրեց այժմ արդեն համաշխարհային ճանաչում ունեցող «Կյանքը խաղաղությամբ է շարունակվում» երգը։ Չնայած բոլոր դժվարություններին՝ նրա հավատը մնաց անսասան։ 

Սաղմոս 46-ի հեղինակը նույնպես դժվար ժամանակներ էր ապրում։ Սակայն, անկախ հանգամանքներից, նա հաստատապես վստահ էր, որ Աստված կօգնի իրեն։ «Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ», - գրում է նա (Սաղմ. 46․1)։ Հույսն Արարչի դնելով՝ նա գտնում էր այն ամենը, ինչ անհրաժեշտ էր կյանքի փորձությունները հաղթահարելու համար։ «Դրա համար էլ չենք վախենա․․․» (հ. 2), որովհետև «Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար» (հ. 11)։ Իր ժամանակին Նա կհանդարտեցնի այս աշխարհի բոլոր փոթորիկները և կմեծարվի ազգերի մեջ, կմեծարվի երկրի վրա։

Թե՛ սաղմոսերգուն, և թե՛ Հորացիոն ծանր փորձությունների էին բախվել։ Բայց նրանք նաև ճանաչում էին իրենց Տիրոջը և զորանում Նրանով: Անկախ նրանից, թե ինչ փոթորկի մեջ ենք, ապավինելով Աստծո օգնությանը, մենք նույնպես կարող ենք վստահությամբ ասել. «Ապահով եմ Քո ձեռքերում, Տե՛ր, և սիրտս հանգիստ է Քեզանում»:

 

Ինչպե՞ս ենք ապավինում Աստծո պաշտպանությանը դժվարությունների ժամանակ։ Ո՞ր փառաբանության երգն է օգնում մեզ կենտրոնանալ Նրա ներկայության, հավատարմության և բարության վրա։

 

Աղոթք – Սիրելի՛ Տեր, շնորհակալ եմ Քո անփոփոխ էության, զորացնող հոգատարության և մշտական ներկայության համար, որն օգնում է ինձ անցնել կյանքի ամեն դժվարության միջով։ Օգնի՛ր ինձ վստահել Քեզ և խաղաղություն գտնել Քո ձեռքերում՝ անկախ այն բանից, թե ինչ փոթորիկների միջով եմ անցնում։  Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 1-2, Գործք Առաքելոց 7. 22-43