Ելք 34. 29-35 Երեքշաբթի | Հունիս 23
Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները տեսան Մովսեսին, և ահա նրա երեսը լուսափայլում էր. վախեցան մոտենալ նրան։ Ելք 34․30
ՓԱՅԼՈՂ ԴԵՄՔԵՐ
«Նա շաքարային դեմք ունի», - բացականչեց անասնաբույժը՝ զննելով մեր շանը։ «Շաքարային դե՞մք», - զարմացած հարցրի ես։ «Դա այն է, երբ ռետրիվերների մոտ դունչը ժամանակից շուտ սպիտակում է, - ժպտալով բացատրեց նա,- ոչ մի վտանգավոր բան չկա, դա պարզապես կարելի է ընկալել որպես ներքին բարության արտահայտություն»։
Հետագայում մտածելով այս մասին՝ ես սկսեցի խորհել՝ ի՞նչ է արտացոլում իմ դեմքը, երբ մարդիկ խոսում են ինձ հետ։ Արդյո՞ք նրանք տեսնում են «ներքին բարություն»՝ այն փոխակերպումը, որ Քրիստոսն Իր սիրով կատարել է իմ մեջ։ Աստվածաշունչը պատմում է մի զարմանալի իրադարձության մասին, որը տեղի ունեցավ Մովսեսի հետ, երբ նա քառասուն օր անցկացրեց Աստծո ներկայության մեջ՝ Սինա լեռան վրա։ «Մովսեսը չգիտեր, որ Տիրոջ հետ խոսելու պատճառով իր երեսը լուսափայլում էր», և մարդիկ «վախեցան մոտենալ նրան» (Ելք 34․29-30)։ Ժողովրդին չվախեցնելու համար Մովսեսն «իր երեսին քող էր դրել» և այն հանում էր միայն այն ժամանակ, երբ մտնում էր Տիրոջ հետ «խոսելու» (հ․ 33, 35)։
Մովսեսը բառացիորեն Աստծո հետ շփվում էր «դեմառդեմ» (Ելք 33․11)՝ պատմության մեջ եզակի իրադարձություն։ Սակայն Աստվածաշունչն ասում է նաև, որ մենք, որ ճանաչել ենք Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով, «նույն պատկերով կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը» (Բ Կորնթ. 3․18)։ Նրա ներկայությունը մեր մեջ կարող է նաև գրավել ուրիշներին. դա Աստծո սիրո դրսևորումն է։ Եվ չնայած մեր դեմքերը կարող են չփայլել Մովսեսի նման, բայց երբ մենք ժամանակ ենք անցկացնում Աստծո ներկայության մեջ, դա ավելի ու ավելի է արտացոլվում մեր բնավորության և կյանքի մեջ։
Ինչպե՞ս է Աստծո սերը դրսևորվում մեր կյանքում։ Ինչպե՞ս կարող ենք այսօր այն կիսել ուրիշների հետ։
Աղոթք – Սիրելի՛ Հայր, թող իմ դեմքը փայլի Քո սիրով, որպեսզի նաև ուրիշները սիրեն Քեզ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսթեր 9-10, Գործք Առաքելոց 7. 1-21