.
2026թ., Հունիսի 22

Ղևտական 19. 1-10                                                                           Երկուշաբթի   |   Հունիս 22

 

 

Քո հարևանին մի՛ զրկիր և հափշտակություն մի՛ արա․․․ կույրի առջև ոչ մի արգելք մի՛ դիր, որ նա ընկնի: Ղևտ․ 19․13-14

 

ԱՇԽԱՏԱՆՔ ՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ

 

Մաքսը տասնհինգ տարեկանից շինարար էր։ Սակայն երբ նա դարձավ Քրիստոսի հետևորդ, նրա վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ ամբողջությամբ փոխվեց։ Մաքսը որոշեց իր ազնիվ և պատասխանատու աշխատանքով փառավորել Արարչին։ «Ես փորձում եմ արտացոլել Հիսուսի բնավորությունն այն ամենում, ինչ անում եմ», - բացատրում է նա։

 Նա այժմ աշխատում է՝ խստորեն պահելով ժամանակացույցը, ձգտելով աշխատանքի լավագույն որակին և սահմանելով արդար գին իր աշխատանքի համար։ Մի օր նրան դիմեց տարեց հաշմանդամ մի կին, ում ջեռուցման համակարգը փչացել էր։ Պարզվեց, որ նախորդ վարպետն ամեն ինչ արել էր սխալ ձևով։ Մաքսն արագ վերականգնեց խափանումը և ոչինչ չվերցրեց իր աշխատանքի դիմաց։

Աստված պատվիրեց Իսրայելի ժողովրդին ունենալ նման վերաբերմունք։ Նա հողագործներին հրահանգել էր չհավաքել բերքն ամբողջությամբ, այլ դրա մի մասը թողնել «աղքատին և օտարականին» (Ղևտ. 19․10)։ Բացի այդ, Աստված կոչ արեց իսրայելացիներին ազնիվ լինել․ «Գողություն մի՛ արեք… Քո հարևանին մի՛ զրկիր և հափշտակություն մի՛ արա» (հ. 11, 13)։ Տերը նաև պատվիրել էր հոգ տանել սահմանափակ կարողություններով մարդկանց մասին․ «Խուլին մի՛ հայհոյիր, կույրի առջև ոչ մի արգելք մի՛ դիր, որ նա ընկնի, այլ վախեցի՛ր քո Աստծուց» (հ. 14)։

Աստծո պատվիրաններն ու Մաքսի օրինակը մեզ մղում են արտացոլել Տեր Հիսուսի բնավորությունն այն ամենում, ինչ անում ենք՝ լինի դա աշխատանք, ծառայություն, թե մարդկանց հանդեպ հոգատարություն։ Ազնիվ և պատասխանատու գործելով՝ մենք պատվում ենք մեր Տիրոջը։

 

Որքանո՞վ ենք գիտակցում Աստծուն պատվելու անհրաժեշտությունը մեր աշխատանքի և պարտականությունների մեջ։ Ինչպե՞ս կարող ենք մեր աշխատանքով արտացոլել Քրիստոսի բնավորությունը։ 

 

Աղոթք – Տե՛ր, Դու Ինքդ կատարեցիր արարչագործության մեծ գործը և գնահատում ես մեր աշխատանքը։ Օգնի՛ր մեզ հետևել Քո պատվիրաններին մեր կյանքում ու գործերում։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսթեր 6-8, Գործք Առաքելոց 6