.
2026թ., Հունիսի 20

Գաղատացիներին 5. 13-25                                                                       Շաբաթ   |   Հունիս 20

 

 

․․․Հոգո՛վ ընթացեք ու մարմնի ցանկությունը մի՛ կատարեք։ Գաղ․ 5․16

 

ՀՈԳՈՎ ԿՅԱՆՔ

 

Իր «Մտածի՛ր և հարստացի՛ր» գրքում, որը գրվել է 1937 թվականին, Նապոլեոն Հիլը գրում է․ «Այն ամենը, ինչ մարդու միտքը կարող է պատկերացնել և ինչին կարող է հավատալ, նա ի վիճակի է նաև հասնել դրան»։ Այդ մեջբերումն արտացոլում է այն տարածված տեսակետը, որ եթե մարդը բավականաչափ ջանասիրաբար աշխատի, կարող է իրականացնել նույնիսկ իր ամենահամարձակ երազանքները։

Աշխատանքն իսկապես կարող է բերել երկրային բարիքներ։ Աստվածաշնչի բազմաթիվ հատվածներ, հատկապես Առակաց գիրքը, խոսում են այդ մասին։ Սակայն որքան մեծանում եմ, այնքան ավելի հստակ եմ տեսնում այն վտանգը, որը թաքնված է Հիլի գաղափարներին հետևելու մեջ։ Ամեն գնով սեփական երազանքներն իրականացնելու ձգտումը հաճախ սնվում է Աստծուց անկախ ապրելու ցանկությամբ՝ Նրան չվստահելու և Նրա վրա չապավինելու մղումով։

Գաղատացիներին ուղղված նամակում Պողոս առաքյալը հակադրում է կյանքի երկու կերպ։ «Հոգո՛վ ընթացեք ու մարմնի ցանկությունը մի՛ կատարեք», - գրում է նա (Գաղ. 5․16)։ Յուջին Փիթերսոնն այս միտքը վերաշարադրում է հետևյալ կերպ․ «Ապրե՛ք ազատորեն՝ լցված և առաջնորդված Աստծո Հոգով։ Այդ դեպքում չեք սնուցի ձեր եսասիրությունը»։ Մի քանի համար հետո Պողոսը նկարագրում է այդպիսի կյանքի պտուղները․ «Սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն» (հ․ 22-23)։

Այս աշխարհում բազմաթիվ ձայներ մեզ դրդում են երկու ձեռքով կառչել մեր ցանկություններից և ամեն գնով հասնել դրանց։ Սակայն այն կյանքը, որին մենք ձգտում ենք, մարմնի ցանկություններով առաջնորդվող կյանքը չէ։ Դա այն կյանքն է, որը ստանում ենք, երբ հնազանդվում ենք Սուրբ Հոգու ներգործությանը, ազատորեն քայլում Նրա հետ և թույլ տալիս, որ Նա առաջնորդի մեզ, ոչ թե փորձում մեր պայմաններով հնարավորինս շատ օրհնություններ ձեռք բերել։

 

Ի՞նչ ճանապարհներով ենք ձգտել հասնել մեր նպատակներին։ Ո՞ր հոգևոր սովորություններն են օգնում մեզ վստահել Աստծուն և քայլել Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ 

 

Աղոթք – Երկնայի՛ն հայր, հաճախ փորձում եմ ամեն ինչ անել իմ ուժերով։ Օգնի՛ր հնազանդվել և վստահել Քեզ, որ Դու առաջնորդես ու լցնես իմ կյանքը։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսթեր 1-2, Գործք Առաքելոց 5․1-21