.
2026թ., Հունիսի 19

Առակներ 6․6-9                                                                                          Ուրբաթ   |   Հունիս 19

 

 

Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, նրա ճանապարհները տե՛ս և իմաստո՛ւն եղիր։ Առ․ 6․6

 

ԱՇԽԱՏԱՍԵՐ ՄՐՋՅՈՒՆՆԵՐ

 

Փոքրիկ «զավթիչները» մեր տան դռան տակ իրենց համար անցք էին փորել, ինչի մասին վկայում էր ավազի փոքրիկ կույտը, և այժմ մի քանի շարքով գործնական տեսքով երթ էին անում հատակի վրայով։ Մրջյուննե՛ր։ Այս փոքրիկ աշխատավորները մշտապես զբաղված են։ Նրանք փորում են բներ, սնունդ որոնում և պաշարներ հավաքում իրենց ու իրենց թագուհու համար։ Թեև այդ պահին ես նրանց հակառակորդն էի, չէի կարող չհիանալ նրանց աշխատասիրությամբ ու ջանասիրությամբ։

Մրջյուններն Աստվածաշնչում աշխատասիրության դրական օրինակ են։ Դիմելով ծույլ մարդուն՝ Առակաց գրքի հեղինակն ասում է․ «Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, նրա ճանապարհները տե՛ս և իմաստո՛ւն եղիր» (Առ. 6․6)։ Իսկ գրքի նախավերջին գլխում մրջյունների մասին ասվում է, որ նրանք «իմաստուններից էլ իմաստուն են», թեև իրենք «զորավոր ժողովուրդ չեն, բայց իրենց հացը ամռանն են պատրաստում» (Առ. 30․24-25)։ Յուրաքանչյուր մրջյուն աշխատում է մի մեծ ու ընդհանուր նպատակի համար։

Մենք բոլորս հոգնում ենք և երբեմն ծուլանում։ Հանգստի համար ժամանակ հատկացնելը կարևոր է։ Սակայն այսօրվա աստվածաշնչյան պատկերը մեզ կոչ է անում ոչ թե ուժասպառ լինելու աստիճան աշխատել, այլ ջանասիրաբար կատարել այն գործը, որ Աստված վստահել է մեզ՝ գիտակցելով, որ այն ամենը, ինչ անում ենք, անում ենք Նրա համար։ Ինչպես հիշեցնում է Պողոս առաքյալը․ «Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ և ոչ թե մարդկանց համար» (Կող. 3․23)։ Այդ ժամանակ, ինչպես մրջյունն է ամռանը պաշար հավաքում ձմռան համար, մենք էլ «երկնքո՛ւմ գանձեր» կդիզենք մեզ համար (Մատթ. 6․20)։

Երբ մեր աշխատանքի մեջ մոտենում ենք Քրիստոսին, նույնիսկ ամենադժվար առաջադրանքների ու պարտականությունների մեջ գտնում ենք նոր հույս և հավիտենական նպատակ։ Ի՜նչ մեծ պատիվ է ծառայել Թագավորների Թագավորին։

 

Ո՞ր իրավիճակներում ենք առավել հաճախ փորձում ամեն ինչ միայնակ հաղթահարել։ Ինչպե՞ս է փոխվում մեր սրտի վիճակը, երբ հիշում ենք, որ մեր ծառայության ու աշխատանքի մեջ Քրիստոսը մեզ հետ է։ 

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ զորություն ես տալիս՝ կատարելու այն, ինչ հանձնարարել ես։ Գործածի՛ր կյանքս Քո փառքի և մարդկանց փրկության համար։ Ամեն։

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Նեեմիա 12-13, Գործք Առաքելոց 4. 23-37