Սաղմոսներ 91. 9-16 Հինգշաբթի | Հունիս 18
Ես Տիրոջը կասեմ. «Իմ ապավե՛ն և իմ ամրո՛ց, իմ Աստվա՛ծ, որի վրա եմ հույսս դրել»։ Սաղմ․ 91․2
ԱՊԱՍՏԱՆ ԱՍՏԾՈ ՄԵՋ
Բացօթյա համերգը նոր էր սկսվել, երբ հանկարծ անձրևի մի կաթիլ ընկավ այտիս վրա։ Երկնքում մութ ամպեր էին կուտակվում։ Սակայն ես մեծ գումար էի վճարել տոմսի համար և չէի պատրաստվում հեռանալ միայն անձրևի պատճառով։ Շուտով հանդիսատեսը սկսեց բացել անձրևանոցները։ Մի կին նույնիսկ պլաստիկ տոպրակ քաշեց գլխին։ Երբ լսվեց որոտի խլացուցիչ ձայնը, բեմի վրա գտնվող երգչուհին խնդրեց մեզ ապաստան գտնել։
Մեկ րոպե անց անձրևը վերածվեց հեղեղի։ Մենք ցեխոտ անձրևաջրերի միջով շտապեցինք դեպի մոտակա դպրոցը։ Մինչև ոսկորները թրջված՝ սեղմվել էինք իրար դպրոցի նախասրահում՝ դեռևս հույս ունենալով, որ տեղատարափը կդադարի։ Սակայն երբ վերջապես դուրս եկանք փողոց, տեսանք, որ երաժշտական խումբն արդեն հավաքել է իր սարքավորումները և պատրաստվում է հեռանալ։
Ո՞ւր վազել, երբ կյանքի փոթորիկներն են վրա հասնում։ Վիշտը, անհանգստությունն ու անորոշությունը վախեցնում են մեզ և ստիպում ապաստան փնտրել։ Մեզ անհրաժեշտ է ապահով ու վստահելի հանգրվան, որը կարող է պաշտպանել մեզ։ Սաղմոս 91-ը հիշեցնում է, որ Աստված խոստացել է փրկել և զորացնել մեզ դժվարությունների ժամանակ։ «Որովհետև նա ինձ սիրեց, և ես կփրկեմ նրան. ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը» (Սաղմ. 91․14)։ Եթե օգնության կարիք ունենանք, կարող ենք կանչել Նրա անունը, և Նա կլսի մեզ (հ.15)։
Անկախ նրանից, թե որքան քաջ ենք, դա բավարար չէ։ Ավելի լավ է ապավինել Ամենակարող Աստծո զորությանը։ Նա մեր ապաստանն է յուրաքանչյուր փոթորկի ժամանակ։
Ի՞նչ դժվարությունների ենք մենք այժմ բախվում։ Ինչպե՞ս կարող ենք դիմել այն պաշտպանությանն ու ապաստանին, որն Աստված է խոստացել։
Աղոթք – Ողորմա՛ծ Տեր, եղի՛ր իմ անվտանգությունը, իմ խաղաղությունն ու հանգիստը։ Իմ ամբողջ հույսը դնում եմ Քեզ վրա։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Նեեմիա 10-11, Գործք Առաքելոց 4. 1-22