Երբ ժամանակակից աշխարհում անվերջ համեմատվելու և մշտապես ավելին ունենալու մոլուցքը խլում է մարդու խաղաղությունը, Աստված կանչում է իրական ազատության։ Հունիսի 10-12-ը Հանքավանում անցկացված Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կանանց համագումարը շուրջ 200 կանանց համար դարձավ այդ ազատության բացահայտման և վերանորոգման առիթ։ Տարբեր քաղաքներից ժամանած տարբեր տարիքի աղջիկներ ու կանայք գրեթե երեք օր հնարավորություն ունեցան լսելու սուրբգրային ուսուցումներ, քննարկումներ անցկացնելու, հաղորդակցվելու, խաղալու և ուրախ ժամանց ունենալու։
Համագումարի առաջին օրը սկսվեց ճաշով, որից հետո մասնակիցները հավաքվեցին դահլիճում՝ մասնակցելու բացման պաշտամունքին։ Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն՝ ամեն ինչ սկսվեց նախորդ տարվա համագումարի լուսանկարներից պատրաստված տեսանյութի ցուցադրությամբ։ Այս փորձառությունն ակնհայտ է դարձնում Տիրոջ հավատարմությունը, հիշեցնում նախորդ տարվա օրհնությունները և ներկաների սրտերը լցնում փառաբանությամբ։
Այնուհետև, ՀԱԵ կանանց ծառայությունները համակարգող Էլիզ Բաղդասարյանը ներկայացրեց համագումարի նպատակը, թեման, կանանց համար պատրաստված աշխատանքային տետրակները, առաջնորդներին ու բանախոսներին: Միասնական փառաբանությունից հետո, ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանն ամփոփեց կանանց նախորդ՝ մեկօրյա տարածաշրջանային համագումարների թեման՝ անդրադառնալով ամերիկացի քրիստոնյա հեղինակ Մելիսա Քրուգերի «Եվայի նախանձը» գրքի առաջին գլխին։ Վերապատվելին հիշեցրեց, որ նախանձը ծնվում է ոչ թե պարզապես ուրիշների ունեցածը ցանկանալուց, այլ Աստծո բարության և իմաստության հանդեպ վստահությունը կորցնելուց, երբ մարդը սկսում է կարծել, թե կյանքն անարդար է իր հանդեպ։ Համեմատությունն ու դժգոհությունը մարդուն զրկում են երախտագիտությունից և ներքին խաղաղությունից, մինչդեռ իրական ազատությունը գալիս է այն ժամանակ, երբ մարդն իր ցանկություններն ու չիրականացած սպասումները վստահությամբ բերում է Աստծո առաջ։
«Քրիստոսի մեջ բավարարվածություն գտնելով՝ հնարավոր է հաղթահարել նախանձն ու սովորել ապրել շնորհակալությամբ, խաղաղությամբ և ուրախությամբ՝ անկախ կյանքի հանգամանքներից»,- նշեց վեր. Խաչատրյանը՝ հավելելով, որ երկօրյա համագումարի ընթացքում շարունակելով գրքում արծարծված թեմաների ուսումնասիրությունը՝ կանայք կսովորեն Քրիստոսին ապավինելու լավագույն ուղիները։
Գրքի երկրորդ գլուխը՝ «Նախանձի սկզբնարմատը», համագումարի առաջին օրվա երեկոյան ներկայացրեց Դիլիջանի ՀԱԵ երեցկին Մարիամ Գրիգորյանը։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախանձի իրական արմատը ոչ թե մեր ունեցածի պակասն է, այլ Աստծո հանդեպ անհավատությունը։ Սուրբ Գրքի ճշմարտությունների հիման վրա տիկին Գրիգորյանն առանձնացրեց անհավատության երեք ոլորտ. նախ՝ անհավատություն Աստծո հանդեպ, երբ մարդը կասկածում է Նրա բարությանը և կարծում, թե Աստված իրեն զրկել է որևէ կարևոր բանից, երկրորդ՝ անհավատություն սեփական կոչման և կյանքի նպատակի հանդեպ, երբ մարդը մոռանում է, որ իր գլխավոր նպատակը ոչ թե բոլոր ցանկությունների իրականացումն է, այլ Աստծուն ճանաչելը, Նրան փառավորելը և Քրիստոսի կերպարին նմանվելը, և երրորդ՝ անհավատություն մերձավորի հանդեպ, երբ ուրիշների օրհնությունները դիտվում է որպես սեփական արժեքը նվազեցնող մրցակցություն, այլ ոչ թե Աստծո տարբեր շնորհների դրսևորում։
«Քրիստոնյայի իսկական խաղաղությունն ու ազատությունը գալիս են այն համոզմունքից, որ Աստված սիրով և իմաստությամբ ղեկավարում է կյանքի բոլոր հանգամանքները, յուրաքանչյուր մարդու համար ունի առանձնահատուկ ճանապարհ, իսկ մեր արժեքն ու լիությունը գտնվում են ոչ թե այն բանում, ինչ ունենք կամ չունենք, այլ Հիսուս Քրիստոսով ստացած փրկության և Աստծո անփոփոխ սիրո մեջ»,- նշեց Մարիամ Գրիգորյանը՝ հիշեցնելով Հռոմեացիներին 8․32-ը. «Նա, որ իր Որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի»։
Համագումարի առաջին օրն ավարտվեց թեմայի շուրջ փոքր խմբերում քննարկումներով և անձնական անդրադարձով։
Երկրորդ օրվա մեկնարկը «մենիկ պահն» էր, որի ընթացքում մասնակիցները խմբով կամ անհատապես ուսումնասիրեցին Սաղմոս 73-ը՝ անդրադառնալով սաղմոսերգուի նախանձի փորձառությանը և դրանից ազատվելու ճանապարհին։
Միասնական փառաբանությունից հետո ներկաները լսեցին Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցի շրջանավարտ Շուշան Ենգիբարյանի կարճ խորհրդածությունը։ Հիմնվելով Երեմիա 12․1-6 հատվածի վրա՝ նա անդրադարձավ այն հարցին, որը հաճախ հնչում է տառապանքի և անարդարության պահին՝ «Ո՞ւր ես, Աստվա՛ծ»։ Շուշանն ընդգծեց՝ Աստված միշտ չէ, որ բացատրում է մեր ցավերի պատճառները, սակայն դրանք օգտագործում է մեզ ավելի մեծ փորձությունների և ծառայության համար նախապատրաստելու նպատակով։ Երեմիայի օրինակով նա ցույց տվեց, որ հավատքը նշանակում է շարունակել վստահել Աստծուն նույնիսկ այն ժամանակ, երբ պատասխանները բացակայում են, և պատրաստ լինել Աստծո կանչին՝ անգամ եթե մեր կյանքի ընթացքը տարբերվում է մեր սեփական սպասումներից։
Փոքր դադարից հետո մասնակիցները լսեցին «Եվայի նախանձը» գրքի երրորդ գլխի շուրջ սերտողությունը, որը ներկայացրեց Աբովյանի ՀԱԵ երեցկին Էլենորա Ծատրյանը։ Նա անդրադարձավ նախանձի օրինաչափությանը՝ չտեսնել սեփականը, տեսնել ուրիշինը, ցանկանալ, խլել և թաքցնել մեղքը։ Երբ մարդը տեսնում է մի բան, որը չունի՝ չնկատելով այն, ինչ արդեն ունի, նախանձով տենչում է այն, փորձում անիրավ կերպով ձեռք բերել և վերջում թաքցնում իր մեղքը։ Այս նույն ընթացքը հստակ երևում է Եվայի կյանքում և նույն կերպ գործում է նաև մեր սրտերում՝ բերելով ցավալի հետևանքներ անձնական կյանքում, ընտանիքում, համայնքում և եկեղեցում։
«Բժշկության համար նախ պետք է գտնել նախանձի աղբյուրը՝ հասկանալ, թե ինչն է մեզ համար ցանկալի և որքանով է դա Աստծո կամքի մեջ։ Փոխանակ ուրիշի ունեցածը տեսնելու՝ պետք է տեսնենք մեր կարողություններն ու առաքելությունը՝ հիշելով ամենակարևոր բանը, որ ունենք՝ Քրիստոսով փրկությունը։ Իսկ եթե համեմատվել, ապա միայն ինքդ քեզ հետ՝ անցյալում»,- նշեց Էլենորա Ծատրյանը՝ իր խոսքն ավարտելով Ա Կորնթացիներին 13․4-ի հիշեցմամբ, որ կատարյալ սերը չի նախանձում։
Հետագա ժամերը նվիրված էին հանգստին, ստեղծագործությանը, մրցակցությանն ու հաղորդակցությանը։ Քույրերը հնարավորություն ունեցան զբոսնելու, վայելելու Հանքավանի բնությունը և «Շողիկ» ճամբարի ընձեռած պայմանները։ Այնուհետև, բաժանվելով երեք խմբի, նրանք մասնակցեցին ինտելեկտուալ խաղի, ձեռքի աշխատանքի և ակտիվ բացօթյա խաղերի։ Խմբերը հերթով փոխվում էին, որպեսզի բոլոր մասնակիցները հնարավորություն ունենային ներգրավվելու յուրաքանչյուր նախաձեռնության մեջ։
Յուրահատուկ օրը եզրափակվեց ակտիվ երեկոյան ծրագրով, որը վարում էր ՀԱԵ ՔԴ մշակութային ծրագրերի համակարգող Վազգեն Թորոսյանը։ Նա ոչ միայն զվարճալի խաղեր էր պատրաստել մասնակիցների համար, այլև նրանց մասնակցությամբ բեմադրել էր մնջախաղ, որը պատմում էր ժամանակակից աշխարհում մարդու դիմագրաված մարտահրավերների և բազմության մեջ միայնակության երևույթի մասին։ Շատ կանանց համար սա առաջին բեմական փորձառությունն էր, և նրանք մեծ ոգևորությամբ կատարեցին իրենց դերերը։
Օրվա ավարտին Շուշան Ենգիբարյանը ներկայացրեց Ելք 1․15-21-ում նկարագրվող եգիպտացի մանկաբարձներ Շիփրայի և Փուայի պատմությունը՝ որպես Աստծուն հնազանդ և կյանք պարգևող հավատքի օրինակ։ Նա ընդգծեց, որ ճգնաժամային իրավիճակներում քաջությունը հաճախ արտահայտվում է ոչ թե ուժի ցուցադրությամբ, այլ կյանքի, արդարության և Աստծո կամքի կողմը կանգնելու պատրաստակամությամբ։
Համագումարի երրորդ օրը սկսվեց Սաղմոս 103-ի շուրջ մտորումներով և հորդորով՝ չմոռանալ Աստծո տված բոլոր բարիքները։
Միասնական փառաբանությունից հետո կանայք լսեցին վերջին թեման, որը ներկայացրեց Երևանի Բաղրամյան 18-ի ՀԱԵ երեցկին Վիոլետա Թավադովան։ Նա խոսեց նախանձի նկատմամբ հաղթանակ տանելու միակ ճանապարհի՝ Քրիստոսին ապավինելու մասին։ Այնտեղ, որտեղ Եվան (Ծննդոց 3) և Աքարը (Հեսու 7) պարտվեցին՝ կասկածելով Աստծո բարությանը և ձգտելով արգելվածին, Քրիստոսը հաղթեց՝ վստահելով Հորը և հնազանդ մնալով Նրա Խոսքին։ Նրա խաչը ոչ միայն ներում է մեղքերը, այլև ազատում է դրանց իշխանությունից՝ Սուրբ Հոգու զորությամբ նոր կյանք ապրելու հնարավորություն տալով։
«Հետևաբար, քրիստոնյայի նոր ընթացքը «տեսնել, նախանձով տենչալ, խլել և թաքցնել» հին օրինաչափությունը փոխարինելն է Տիրոջը փնտրելով, ճիշտ կերպով փափագելով, առատաձեռնորեն տալով և ազատորեն խոստովանելով»,- նշեց Վիոլետան՝ ամփոփելով, որ նախանձի ու որևէ այլ տեսակի մեղքի հաղթահարման միակ ուղին Խաչի Զորությունն ու շնորհն է, որն ընդունում ենք մեր ազատ կամքով:
Վերջին թեմայի խմբային քննարկումից և գործնական անդրադարձից հետո մասնակիցները միաբանվեցին հաղորդության պաշտամունքին։ Վեր. Ավետիք Խաչատրյանը խոսեց հավատացյալի կյանքում ամենամեծ վտանգներից մեկի՝ հոգևոր ամնեզիայի մասին, երբ Աստծո շնորհքը, փրկության գինը և Ավետարանի ճշմարտությունները մոռացվում են, իսկ արդյունքում ծնվում են անհավատությունը, տրտունջը, նախանձն ու գոռոզությունը։ Հիսուսը հաղորդությունը հաստատեց որպես հիշողության աստվածատուր միջոց՝ ասելով. «Այս արե՛ք իմ հիշատակի համար»։ Հաղորդության սեղանի շուրջ հավատացյալները կրկին հիշում են, որ մեղքի ստրուկ էին, սակայն փրկվեցին ոչ թե իրենց արժանիքներով, այլ Քրիստոսի թանկագին արյունով, և այդ հիշողությունն է, որ մեզ պետք է պահի խոնարհ, շնորհակալ ու միաբան՝ սպասելով Քրիստոսի փառավոր վերադարձին։
Սուրբ Հաղորդությունը մատակարարեցին վեր. Ավետիք Խաչատրյանն ու պատվելի Արկադի Հանիսյանը։
Ամփոփելով կանանց երկօրյա ամառային համագումարը՝ ուրախությամբ