.
2026թ., Հունիսի 17

Հոբ 11. 7-20                                                                                        Չորեքշաբթի   |   Հունիս 17

 

 

Իմաստությունը և զորությունը նրա մեջ են. խորհուրդը և գիտությունը Աստծունն են։ Հոբ 12․13  

 

ՃԱՆԱՉՎԱԾ ՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ

 

«Ես քեզ ավելի լավ եմ ճանաչում, քան դու ինքդ քեզ», - մի անգամ երիտասարդությանս տարիներին լսեցի ընկերուհուցս։ Նա դա ասաց բարի մտադրությամբ, սակայն իրականում չէր կարող լիովին ճանաչել ինձ. իմ կյանքը՝ որպես միսիոներ ծնողների որդեգրված զավակ, ով մեծացել էր չորս մայրցամաքներում և տարբեր մշակույթների միջավայրում, չափազանց բազմաշերտ էր։ 

Հոբի ընկերներից մեկը՝ Սոփարը, իմաստուն էր թվում իրավիճակին տրված իր գնահատականի մեջ։ «Կարո՞ղ ես Աստծու խորհուրդը գտնել», - հարցրեց նա (Հոբ 11․7)։ «Նա երկնքի բարձրությունն ունի» (հ․ 8)։ Այս խոսքերի հետ դժվար է չհամաձայնել։ Բայց հետո Սոփարը համարձակվեց խոսել այն մասին, ինչ չէր կարող իմանալ՝ Հոբի սրտի մասին։ Առանց որևէ ապացույցի նա հայտարարեց. «Եթե ձեռքիդ անօրենություն կա, այն հեռացրո՛ւ, ու քո վրաններում անիրավություն թող չբնակվի։ Ահա այն ժամանակ անարատ երեսդ կբարձրացնես, հաստատուն կլինես ու չես վախենա» (հ․ 14-15)։

Հոբը պատասխանեց հեգնանքով․ «Արդարև դուք եք ժողովուրդը, և իմաստությունը ձեզ հետ մեռնելու է։ Ես էլ ձեզ պես խելք ունեմ. ձեզանից պակաս չեմ. և այսպիսի բաներ ո՞վ չգիտե» (Հոբ 12․2-3)։ Հոբի վիճակն այնքան բարդ էր, որ նույնիսկ ինքը չէր հասկանում, թե ինչ է տեղի ունենում իր հետ (Հոբ 1-2)։ Սակայն Աստծո մասին նա ճիշտ ասաց․ «Իմաստությունը և զորությունը Նրա մեջ են» (Հոբ 12․13)։ Իսկապես, իմաստությունը Սոփարից չէր բխում։ Նա իրեն վերագրել էր այնպիսի հեղինակություն և հասկացողություն, որոնք իրականում չուներ։

Մեր ընկերները երբեմն կարող են լավ խորհրդի կարիք ունենալ։ Բայց ամենից հաճախ, ճգնաժամային պահերին, նրանք պարզապես կարիք ունեն, որ մենք աղոթքով բերենք նրանց անունները Տիրոջ առաջ, ով իսկապես ճանաչում է նրանց։

 

Ո՞վ է այն մարդը, ում ներկայությունն ու հոգատարությունը մեզ զորացրել է դժվար օրերին։ Եվ ինչպե՞ս կարող ենք այսօր դառնալ այդպիսի աջակցություն մեկ ուրիշի համար։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր խաղաղություն և ուրախություն գտնել այն անփոփոխ ճշմարտության մեջ, որ Դու լիովին ճանաչում և սիրում ես անսահման սիրով։  Ամեն։

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Նեեմիա 7-9, Գործք Առաքելոց 3