Բ Կորնթացիներին 9. 6-15 Երկուշաբթի | Հունիս 15
Բայց Աստված կարող է ամեն շնորհ առատացնել ձեր մեջ, որպեսզի ․․․ ամեն բարի գործի համար առատանաք։ Բ Կորնթ. 9․8
ՏԱԼ ԱՍՏԾՈ ՊԱՐԳԵՎՆԵՐԻՑ
Սթենլիի առատաձեռնությունը երբեք չէր դադարում զարմացնել ինձ։ Նա հաճախ սնունդ և նվերներ էր գնում տարեց հավատացյալների, իր թաղամասի մաքրուհիների և բոլոր նրանց համար, ովքեր աջակցության կարիք ունեին։
Նույնքան զարմանալի էր այն փաստը, որ չնայած Սթենլին հարուստ չէր և չէր հասկանում ներդրումներից, սակայն նրա փոքր ներդրումը բավականին հաջողություն բերեց և թույլ տվեց նրան շատ բարի գործեր անել: Ամեն անգամ, երբ մարդիկ շնորհակալություն էին հայտնում նրան, նա ժպտալով վեր էր նայում՝ կարծես ասելով․ «Սա Աստծուց է, ոչ թե ինձանից»։ Եվ հաճախ կրկնում էր, որ Տերն է օգնում իրեն՝ ուրիշներին օգնելու համար։
Հենց այս մասին էր Պողոսը գրում կորնթացիներին։ Նա ուրախանում էր նրանց պատրաստակամության համար՝ աջակցելու կարիքավորներին (Բ Կորնթ. 9․2), և հույս ուներ, որ նրանք կհասցնեն ավարտին հասցնել իրենց սկսածը։ Քաջալերելով նրանց առատաձեռն ու հոժար սրտով տալ՝ Պողոսը նշում էր, որ Աստված ոչ միայն վարձատրում է տվողներին (հ․ 6-7), այլև օրհնում է նրանց այնպես, որ նրանք կարողանան էլ ավելի շատ տալ (հ․ 8)։
Տերը մեզնից չի ակնկալում այն, ինչ մենք ի վիճակի չենք տալու (Բ Կորնթ. 8․12)։ Ընդհակառակը, Նա վստահում է մեզ փող, ժամանակ և տաղանդներ, որպեսզի մենք «ամեն բարի գործի համար առատանանք» (Բ Կորնթ. 9․8), իսկ Նա մեզ համար հոգ է տանում «ամեն տեսակ առատությամբ» (հ․ 11)։ Այդ պատճառով մենք կարող ենք տալ հավատքով և հոժար սրտով (հ․ 7)՝ իմանալով, որ պարզապես կիսվում ենք այն ամենով, ինչ ինքներս ստացել ենք Աստծուց։ Եվ այսպես մենք փառք ենք բերում Նրա անվանը (հ․ 13)։
Ի՞նչ օրհնություններ, շնորհներ կամ հնարավորություններ է Տերը վստահել մեզ։ Ինչպե՞ս կարող ենք այսօր դրանք օգտագործել՝ օրհնություն դառնալու ուրիշների համար։
Աղոթք – Տե՛ր, սովորեցրու գնահատել այն բոլոր օրհնությունները, որ ստացել եմ Քեզնից։ Տո՛ւր ինձ բաց ու հոժար սիրտ, որպեսզի սիրով ու ուրախությամբ բաժին հանեմ ուրիշներին այն ամենից, ինչ Դու ես տվել ինձ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Նեեմիա 1-3, Գործք Առաքելոց 2. 1-21