.
2026թ., Հունիսի 14

Նեեմիա 2. 17-18, 3. 6-12                                                                          Կիրակի   |   Հունիս 14

 

 

․․․ և նրանք ասացին. «Վեր կենանք և շինենք»։ Եվ իրենց ձեռքերը զորացրին այս բարի գործի համար։ Նեեմ․ 2․18

 

ԾԱՌԱՅԵԼ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

 

Գրախանութն ընդլայնման կարիք ուներ։ Սեփականատերը հարևան փողոցում ավելի մեծ շենք գտավ։ Նա ցանկանում էր արագ տեղափոխվել՝ առանց խանութը մի քանի օր փակելու և գրքերն արկղերի մեջ դասավորելու։ Այդ պատճառով օգնության խնդրանքով դիմեց թաղամասի բնակիչներին։ Նրանք կանգնեցին կողք կողքի՝ կազմելով կենդանի շղթա, և գրքերը ձեռքից ձեռք փոխանցեցին։ Երկու ժամից էլ քիչ ժամանակում նրանք տեղափոխեցին ինը հազար հարյուր գիրք։ Սեփականատեր կինն ուրախությամբ ասաց․ «Սա մեր ընդհանուր գրախանութն է։ Մարդիկ այն գնահատում են այնպես, կարծես իրենցը լինի»։ Հավանաբար հենց դա էր նրանց մեծ ոգևորության և օգնության պատրաստակամության պատճառը։

Երբ պարսից թագավորի մատռվակ Նեեմիան իմացավ, որ Երուսաղեմի պարիսպներն ավերակներ են դարձել, առաջին հերթին օգնության համար դիմեց Աստծուն (Նեեմ. 1․3-11)։ Բաբելոնացիները քաղաքը կործանել էին մ.թ.ա. 587 թվականին։ Հասնելով և ավերակները զննելով՝ Նեեմիան կոչ արեց բնակիչներին միավորվել ընդհանուր գործի շուրջ: «Դուք տեսնում եք այս թշվառությունը, որի մեջ գտնվում ենք… եկեք Երուսաղեմի պարիսպը շինենք», - ասաց նա ժողովրդի առաջնորդներին (Նեեմ. 2․17)։ Նեեմիա 3-րդ գլխում պատմվում է, թե ինչպես քաղաքի բնակիչներն ու նրանց առաջնորդները պատրաստակամորեն վերականգնում էին պարիսպների այն հատվածները, որոնք իրենց տների մոտ էին։ Բոլորն աշխատում էին ուս ուսի տված։

Մենք նույնպես կարող ենք ազդեցություն ունենալ այն հասարակության վրա, որտեղ ապրում ենք, եթե միասին ծառայենք Աստծո առաջնորդությամբ և Նրա զորությամբ։

 

Ի՞նչ կարողություններ և շնորհ է Աստված տվել մեզ։ Ի՞նչ համատեղ ծառայության կամ աշխատանքի է Նա մեզ կանչում։

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր նկատել այն մարդկանց, ում դրել ես իմ կողքին, և սովորեցրո՛ւ ծառայել Քեզ այնպես, որ դա օրհնություն բերի նրանց։ Ամեն։

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզրաս 9-10, Գործք Առաքելոց 1