Ովսեե 11․1-11 Շաբաթ | Հունիս 13
Ես քեզ ինչպե՞ս թողնեմ, ո՛վ Եփրեմ, քեզ ինչպե՞ս հանձնեմ, ո՛վ Իսրայել.․․ Ովս․ 11․8
ԵՍ ՉԵՄ ՀԱՆՁՆՎԻ
Թոմը փորձեց ամեն ինչ, որպեսզի օգնի տարրական դասարաններում սովորող իր որդուն, քանի որ վերջինս դժվարություններ էր կրում ուսման հարցում։ Նա խոսեց ուսուցչի հետ՝ երեխային այլ դասարան տեղափոխելու խնդրանքով, դիմեց տնօրենին խորհրդի համար և նույնիսկ գրեց կրթության բաժին։ Բայց ամեն քայլափոխի դռները փակվում էին։ Եվ ամեն անգամ Թոմը փորձում էր քաջալերել որդուն։ «Ես չեմ հանձնվի», - ասում էր նա։
Աստված նույնպիսի անսասան սեր էր տածում Իր ժողովրդի՝ Իսրայելի հանդեպ և նրան Իր որդին էր անվանում. «Երբ Իսրայելը մանուկ էր, ես սիրում էի նրան և Եգիպտոսից կանչեցի իմ որդուն» (Օվս․ 11․1)։ Երբ Իսրայելն անում էր իր առաջին քայլերը, Տերը նրա կողքին էր (հ․ 3)։ Նա հոգ էր տանում նրա մասին և կերակրում նրան (հ․ 4)։ Սակայն Իսրայելն ապստամբեց և հեռացավ Աստծուց, ինչն անխուսափելիորեն բերեց դառը հետևանքների (հ․ 7)։
Սակայն, նույնիսկ երբ Աստված դատաստան էր հայտարարում ապստամբ ժողովրդի նկատմամբ, Նա աղաղակեց. «Ես քեզ ինչպե՞ս թողնեմ, … քեզ ինչպե՞ս հանձնեմ, ո՛վ Իսրայել.․․ սիրտս գալարվում է իմ ներսում. բորբոքվում է կարեկցությունս» (հ․ 8): Նա չլքեց Իր ժողովրդին և չհրաժարվեց Իր հայրական սիրուց։
Հավանաբար այս սերը գերազանցում է մեր ընկալումը։ Սակայն Տերը հիշեցնում է՝ «Ես Աստված եմ և ոչ թե մարդ, Սուրբը ձեր մեջ» (հ. 9)։ Աստծո սերն ու ողորմությունը սահմաններ չունեն։
Թող այս ճշմարտությունը մեզ մխիթարի. Տիրոջ սերը երբեք չի թողնի մեզ (Հռ. 8․37-39)։ Երբ մենք հեռանում ենք Նրանից, Նա ուզում է, որ վերադառնանք։ Մենք Նրա զավակներն ենք։ Ինչ էլ որ պատահի մեզ հետ, Նա չի հանձնվի։
Ի՞նչ է փոխվում մեր ներսում, երբ գիտակցում ենք, որ մենք Նրա սիրելի զավակն եք։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ ինձ Քո զավակն ես դարձրել։ Տո՛ւր ինձ վստահություն, որ երբեք չես զրկի ինձ Քո սիրուց։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզրաս 6-8, Հովհաննես 21