Սաղմոս 23. 1-6 Շաբաթ | Հունիս 12
Նա ․․․ առաջնորդում է ինձ արդարության շավիղների մեջ․․․ Սաղմ․ 23․3
ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՎԻՂՆԵՐ
Մի օր պատուհանից նկատեցի, որ մի քանի բադիկ օրորվելով բարձրացան բլուրը և անհետացան մեր տան հետևի անտառում։ Մի քանի րոպե անց բարձր ձայներ հանելով իջան ներքև։ Պարզվեց՝ անտառում նրանց սպասում էր սոված աղվեսը։ Բայց ընդամենը մի քանի ժամ անց այդ նույն բադիկները նորից բարձրանում էին նույն բլրով։ Այլևս չկարողանալով համբերել՝ ես դուրս վազեցի և նրանց տեղափոխեցի անվտանգ վայր։
22-րդ սաղմոսը ցույց է տալիս, որ մենք Աստծո հետ նման հարաբերությունների մեջ ենք։ Նա մեր Հովիվն է, իսկ մենք՝ Նրա արոտի ոչխարները։ Ինչպես բադիկները, այնպես էլ ոչխարներն առանձնապես չեն փայլում ո՛չ իմաստությամբ, ո՛չ էլ լավ հիշողությամբ։ Եվ ինչպես նրանք, այնպես էլ մենք, հաճախ հակված ենք գնալ այնտեղ, որտեղ ամեն ինչ գեղեցիկ ու գրավիչ է թվում, մինչդեռ այնտեղ կարող է թաքնված լինել սոված գիշատիչը։
Սաղմոսերգուն գրում է, որ Բարի Հովիվն առաջնորդում է մեզ «արդարության շավիղների մեջ» (Սաղմ. 22․3)։ Երբ մենք լսում ենք Նրա ձայնը և հետևում Նրան, Նա մեր հոգիներին տալիս է հանգիստ և խաղաղություն։ Եվ նույնիսկ եթե Նա մեզ անցկացնի «մահվան ստվերի ձորի մեջ», Նրա ներկայությունը կդառնա այն մխիթարությունն ու զորությունը, որի կարիքն ամենից շատ ունենք (հ. 4)։
Բադեր, ոչխարներ, մարդիկ… Բոլորիս համար դժվար է մնալ ճիշտ ճանապարհների վրա։ Ինչպես ես ուղղորդեցի բադիկներին դեպի ապահով տեղ, այնպես էլ Տերն է Իր վրա վերցնում մեզ առաջնորդելու պատասխանատվությունը։ Մենք կարիք չունենք ինքնուրույն գտնել ճանապարհը, բավական է միայն մոտ մնալ Բարի Հովվին և հետևել Նրա ձայնին։
Ի՞նչ ընտրության առաջ ենք կանգնած այսօր։ Ինչպե՞ս կարող ենք վստահել Բարի Հովվին՝ ամեն ինչ ինքնուրույն վերահսկելու և լուծելու փորձի փոխարեն։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ իմ Բարի Հովիվն ես և սիրով առաջնորդում ես կյանքի ճանապարհին։ Օգնի՛ր վստահել Քեզ և առաջնորդի՛ր ինձ արդարության շավիղներով։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզրաս 3-5, Հովհաննես 20