.
«Աղոթք և միասնություն». կայացավ ՀԱԵ հովիվների հերթական «Վերնատունը»

Մայիսի 25-26-ը Հանքավանի «Շողիկ» ճամբարում տեղի ունեցավ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) հովիվների 2026 թվականի առաջին «Վերնատունը»՝ «Աղոթք և միասնություն» խորագրով։ Երկօրյա հանդիպմանը մասնակցեց ՀԱԵ 21 հովիվ Հայաստանի տարբեր քաղաքներից՝ միասին աղոթելու, Աստծուն երկրպագելու, հաղորդակցվելու և եկեղեցու ներկա ու ապագա ծառայությանը վերաբերող կարևոր հարցեր քննարկելու նպատակով։

Հանդիպումը մեկնարկեց փոքր խմբերում միասնական աղոթքի հնարավորությամբ, որի ընթացքում հովիվներն աղոթեցին քրիստոսակենտրոն հովվության, սուրբ կյանքի, Սուրբ Գրքին հավատարիմ և Սուրբ Հոգու առաջնորդությանը հնազանդ ծառաներ լինելու համար։ Աղոթքի թեմաները ներառում էին ինչպես անձնական սրբությունը, այնպես էլ Աստծո Խոսքի հանդեպ սերը, խոնարհությունն ու սովորող սիրտը, ընտանիքների առողջությունը, աշակերտներ և նոր առաջնորդներ ձևավորելու կարողությունը, ինչպես նաև ծառայության մեջ հավասարակշռված և հոգևորապես առողջ մնալու կարևորությունը։

Հանդիպումը շարունակվեց միասնական պաշտամունքով, որի պատգամախոսը ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նախագահ, Վանաձորում ՀԱԵ հովիվ վեր. Վարդան Ափինյանն էր: «Քրիստոսի սպասավորներն ենք» վերնագրով պատգամն առնված էր Գործք 20.25-38 հատվածից, որտեղ Պողոս առաքյալը հրաժեշտ է տալիս Եփեսոսի եկեղեցու առաջնորդներին՝ հիշեցնելով, որ իրենց կոչումն է հավատարմորեն ծառայել Քրիստոսին, ամբողջությամբ փոխանցել Աստծո կամքը, անձնազոհ սիրով հոգ տանել եկեղեցու մասին և սեփական կյանքի օրինակով առաջնորդել հավատացյալներին։ Նա ընդգծում է, որ եկեղեցին Աստծունն է, և Քրիստոսն այն ձեռք է բերել Իր արյունով, ուստի նրա հանդեպ ծառայությունը մեծ պատասխանատվություն է։ «Պողոսի խոսքերն այսօր ևս մեզ մղում են ինքնաքննության․արդյո՞ք մենք կարող ենք նրա նման ասել, որ հավատարմորեն կատարել ենք մեր հանձնարարությունը և չենք թաքցրել Աստծո ճշմարտությունը։ Յուրաքանչյուր հովիվ կոչված է իր սրտում կրել Տիրոջը պատկանելու գիտակցությունը և ապրել իր աստվածային առաքելությանը համահունչ»,- նշեց վեր. Ափինյանը։

«Վերնատան» առաջին օրը գրեթե ամբողջությամբ նվիրված էր աղոթքի թեմային։ Հիմնական բանախոսը ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վերապատվելի Ավետիք Խաչատրյանն էր։ Առանձնակի ուշադրություն դարձվեց հովվի աղոթքի կյանքին՝ որպես առողջ եկեղեցու և արդյունավետ ծառայության հիմքի։ ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանն անդրադարձավ յուրաքանչյուր հովվի անձնական աղոթքի կյանքի սկզբունքներին, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ 24 ժամով Աստծո հետ առանձնանալու, աշխարհի աղմուկից կտրվելու և Տիրոջ ներկայության մեջ որակյալ ժամանակ անցկացնելու կարևորությանը։ Վերապատվելին հիշեցրեց, որ հովվական ծառայության զորությունն ու պտղաբերությունը սկիզբ են առնում Աստծո հետ անձնական և խոր հարաբերությունից։

«Վերնատան» երկրորդ օրը մեկնարկեց պաշտամունքով, որի ընթացքում պատգամաբերը՝ ՀԱԵ ավագ հոգևոր հովիվը, խոսեց Գործք 17.16-34 հատվածի շուրջ.

«Կոչման ընկալումն ու ճշմարիտ հովվական ծառայությունը սկսվում են անհավատությունն ու Աստծո հանդեպ անարդարությունը տեսնող սրտից, այն սրտից, որը խռովվում է մարդկանց հոգևոր վիճակը տեսնելով։ Ինչպես Պողոսը, տեսնելով կուռքերով լի Աթենքը, չմնաց անտարբեր, այլ սիրով ու իմաստությամբ Ավետարանը ներկայացրեց մարդկանց հասկանալի լեզվով, այնպես էլ այսօր յուրաքանչյուր հովիվ կոչված է զգալու Աստծո ցավը կորած աշխարհի համար, ճանաչելու իր ժամանակի «կուռքերը» և համարձակորեն հռչակելու Հիսուս Քրիստոսին՝ որպես միակ Փրկիչ և Տեր։ Հոգու խռովությունը պարզ դժգոհություն չէ, այլ կանչ ու նախանձախնդրություն է, որը մղում է աղոթքի, վկայության, մարդկանց ապաշխարության ու Աստծո հետ հաշտեցման առաջնորդության»։

Երկրորդ օրվա քննարկումների առանցքում եկեղեցու աստվածաբանական հիմքերի վերարժևորումն էր։ Հովիվները՝ ավագ հովվի առաջնորդությամբ, հստակեցրին ՀԱԵ աստվածաբանության «առաջնային» և «երկրորդական» օղակները։ Քննարկվեցին այն սկզբունքները, որոնք օգնում են տարբերել քրիստոնեական հավատքի հիմնարար ճշմարտությունները երկրորդական և գործնական հարցերից։

Մասնակիցները վերահաստատեցին, որ քրիստոնեական հավատքի հիմքում կանգնած են Սուրբ Գրքի հեղինակությունը, Երրորդության մասին ուսմունքը, Հիսուս Քրիստոսի փրկագործությունը, Սուրբ Հոգու ծառայությունը, փրկությունը շնորհքով՝ հավատքի միջոցով, ինչպես նաև եկեղեցու և հավիտենական կյանքի վերաբերյալ աստվածաշնչյան ճշմարտությունները։ Միևնույն ժամանակ ընդգծվեց, որ կան կարևոր աստվածաբանական հարցեր, որոնց վերաբերյալ ավետարանական շրջանակներում կարող են գոյություն ունենալ տարբեր մոտեցումներ՝ առանց Ավետարանի հիմքերը խախտելու։

Քննարկումների ընթացքում ներկայացվեց նաև «երեք օղակների» սկզբունքը, որի համաձայն՝

• Առաջին օղակը վերաբերում է այն ճշմարտություններին, որոնց վրա հիմնված է Ավետարանը։ Դրանք անբեկանելի և անքննարկելի են։

• Երկրորդ օղակը ներառում է կարևոր, սակայն տարբեր մեկնաբանություններ ունեցող աստվածաբանական և եկեղեցական հարցեր։ Այդ հարցերում հնարավոր է տարբեր ավետարանական դիրքորոշումների համակեցություն՝ առանց Ավետարանի հիմքը խախտելու։ Դրանք կարևոր են եկեղեցու կյանքի և գործնական աստվածաբանության համար, սակայն չեն սահմանում քրիստոնեական հավատքի էությունը։

• Երրորդ օղակը վերաբերում է գործնական, մշակութային և խղճի ազատության ոլորտներին։ Այս հարցերում եկեղեցին պետք է առաջնորդվի սիրով, իմաստությամբ և նրբանկատությամբ՝ դրանք չդարձնելով հոգևոր հասունության կամ փրկության չափանիշ։ Այստեղ հնարավոր է մեծ բազմազանություն նույնիսկ նույն եկեղեցու ներսում։

Համագումարի մասնակիցները վերահաստատեցին հետևյալ սկզբունքը.

Առաջնային ճշմարտություններում՝ հստակություն, հավատարմություն և ամրություն։
Երկրորդական հարցերում՝ խոնարհություն, համբերություն և եղբայրական երկխոսություն։
Գործնական և մշակութային հարցերում՝ իմաստություն, ազատություն և փոխադարձ կառուցողական վերաբերմունք։
Ամեն ինչում՝ ճշմարտություն սիրով։

Հանդիպման կարևոր հատվածներից էր նաև Հայաստանում ավետարանական աստվածաբանական կրթական հաստատության ձևավորման տեսլականի քննարկումը։ Ներկայացվեց մի նախաձեռնություն, որի նպատակն է երկարաժամկետ հեռանկարում ստեղծել կրթական հարթակ՝ եկեղեցու, հասարակության և տարածաշրջանի ապագա առաջնորդների պատրաստման համար։ Քննարկումների ընթացքում ընդգծվեց, որ նման հաստատության հիմքում պետք է լինի Հայաստանի եկեղեցական և հասարակական իրականության խորքային ուսումնասիրությունը, տեղական կարիքների գնահատումը և միջազգային փորձի արդյունավետ կիրառումը։

Համագումարն ավարտվեց Սուրբ Հաղորդության միասնական պաշտամունքով, որի ընթացքում պատգամաբերը ՀԱԵ Գյումրու հովիվ վեր. Արամ Բաբաջանյանն էր։ «Ոտնլվայի հաղորդական հարաբերությունը» վերնագրով պատգամը հիմնված էր Հովհաննես 13.1-20 հատվածի վրա.

«Հովհաննես առաքյալը ոտնլվայի մեջ ներկայացնում է հաղորդության խորհուրդը և ցույց տալիս, որ Աստված հաղորդակցվում է մեզ հետ ոտնլվայի սիրո, խոնարհության, ողորմած ու շնորհառատ հարաբերության միջոցով։ Ոտնլվայի այս աստվածային հաղորդական հարաբերությունը բխում է Սուրբ Երրորդության էությունից, ներքին հարաբերությունից և գործից։ Տերը նույն այս օրենքը հաստատեց Եդեմում՝ մարդու և իր ստեղծագործության հետ հարաբերության մեջ։ Նույն այս ոտնլվայի հաղորդական հարաբերությունն է դրված եկեղեցու հիմքում, և Քրիստոսն այսպես է հարաբերվում Իր մարմնի հետ։ Եկեղեցին նույնպես կոչված է իր ներքին կյանքը, հարաբերություններն ու կենցաղը կառուցելու այս հիմքի վրա և շարունակելու այն։ Այն նաև կոչված է նույնը կատարելու դեպի աշխարհ ուղղված իր առաքելության մեջ»։

Վեր. Արամ Բաբաջանյանը, պատվելի Գրիգոր Վարդանյանի հետ միասին, մատուցեց նաև Սուրբ Հաղորդությունը։

Այս «Վերնատունը» յուրահատուկ առիթ դարձավ, որպեսզի մասնակից հովիվները վերահաստատեն իրենց նվիրումը Տիրոջ ծառայությանը և աղոթեն Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու միասնության, հոգևոր առողջության և առաքելության արդյունավետ իրականացման համար։

Նախորդ
...
X