.
2026թ., Հունիսի 9

Եսայի 14. 12-15                                                                                     Երեքշաբթի   |   Հունիս 9

 

 

Ինքդ ասում էիր քո սրտում. “Երկինք կելնեմ․․․ Բայց մեռելների աշխարհ են իջեցրել քեզ․․․ Ես․ 14․13,15   

 

ԱՍՏԾՈ ՓԱՌՔՆ ՈՒ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Լոնդոնի խնջույքների տան առաստաղը հիասքանչ է։ Այն 1629-1634 թվականներին նկարազարդել է հենց Ռուբենսը՝ Չարլզ I թագավորի պատվերով, ով ցանկանում էր փառավորել իր արքայական տոհմի իշխանությունը։ Նկարներից մեկում Միներվա աստվածուհին հիացմունքով դիտում է Չարլզի I-ի հոր՝ Հակոբ I թագավորի ձեռքբերումները։ Մյուսում Հակոբը պատկերված է արծվի թևերով, որ վեր է բարձրանում դեպի երկինք։ Այդ որմնանկարներին նայելով՝ խնջույքի մասնակիցները հստակ հասկանում էին դրանց ուղերձը․ Չարլզի և նրա հոր նման թագավորները ներկայացվում էին գրեթե որպես աստվածային էակներ։

Եսայի մարգարեի օրերում Բաբելոնի թագավորն իրեն նման կերպ էր պատկերացնում։ Այդ իշխանը ձգտում էր բարձրանալ «երկինք» և նստել «լեռան վրա՝ հյուսիսային ծայրամասում», որտեղ, ըստ հավատալիքների, իշխում էին աստվածները (Ես. 14․13)։ Սակայն Եսային մարգարեացավ, որ այդ թագավորը պիտի ընկնի (հ. 3-4), «մեռելների աշխարհ» (հ․ 15) և նույնիսկ հիշատակող գերեզման չի ունենա (հ. 18-19)։ Նման ճակատագիր սպասում էր նաև Չարլզ I-ին։ Զավեշտալին այն է, որ 1649 թվականին նրան անցկացրին հենց այն առաստաղի տակով, որը պատկերում էր նրա ենթադրյալ «աստվածային» մեծությունը, որպեսզի հետո մահապատժի ենթարկեն։

Այս տխուր պատմությունը դարերի ընթացքում բազմիցս կրկնվել է։ Հզոր կառավարիչները, փորձելով յուրացնել աստվածային փառքը, վաղ թե ուշ հասկացել են, որ իրենք պարզապես մարդիկ են։ Ի վերջո, միայն Մեկն է արժանի թագավորելու երկնքում և երկրի վրա։ Ամբողջ զորությունը, փառքը և մեծությունը պատկանում են Նրան (Ա Մն․ 29․11):

 

Ինչո՞ւ են շատ իշխանավորներ ցանկացել իրենց վերագրել աստվածային փառքն ու պատիվը: Ինչո՞վ է Հիսուս Քրիստոսը տարբերվում նրանցից։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, Քեզնից բացի ուրիշ Աստված չկա։ Ամբողջ զորությունն ու փառքը Քեզ են պատկանում։ Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 32-33, Հովհաննես 18. 19-40