Հռութ 1. 11-18 Կիրակի | Հունիս 7
Ինձ մի՛ ստիպիր, որ քեզ թողնեմ և քեզնից ետ դառնամ, որովհետև ուր որ գնաս, գնալու եմ, ուր որ մնաս, մնալու եմ. քո ժողովուրդը իմ ժողովուրդն է, և քո Աստվածն իմ Աստվածն է։ Հռութ 1․16
Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ
Ռեստորանի աշխատակիցն աղբամանի մոտ անգիտակից վիճակում ընկած մի տղամարդու գտավ։ Նա արևից այրված էր, մրջյունների կողմից խայթված, իսկ գլխին բաց վերք ուներ։ Երբ դժբախտ տղամարդը գիտակցության եկավ, սկզբում լուռ էր, բայց հետո ներկայացավ որպես Բենջամին Քայլ և ասաց, որ տասը տարուց ավելի ապրում էր մշուշի մեջ։ Նա չէր կարողանում աշխատել, վաստակել ապրուստի միջոցներ կամ նույնիսկ հիշել իր անցյալը։ Բուժումն ու վերականգնումը սկսվեցին այն ժամանակ, երբ նրա համար գենետիկ թեստ արեցին և հետաքննություն սկսեցին։ «Ես պետք է պատմություն ունենամ, - ասում էր նա, - չէ՞ որ հենց այնպես չեմ հայտնվել»։
Աստվածաշնչում Հռութի պատմությունը նույնպես կարելի է դիտարկել որպես ինքնության վերագտնման պատմություն։ Կորցնելով ամուսնուն և լքելով հայրենիքը՝ Հռութը որոշեց կապ հաստատել իր ամուսնու մոր՝ Նոեմիի, իր ժողովրդի և իր հավատքի հետ։ «․․․Ուր որ գնաս, գնալու եմ, ուր որ մնաս, մնալու եմ. քո ժողովուրդը իմ ժողովուրդն է, և քո Աստվածն իմ Աստվածն է», - ասաց նա (Հռութ 1․16)։ Այս որոշումը կայացնելով՝ Հռութն ապահովության փոխարեն ընտրեց պատկանել Աստծո ժողովրդին։ «Նա հաստատ ուզում էր գնալ իր հետ» (հ․ 18)։ Այդպես Հռութը մտավ փրկության պատմության մեջ և հավիտյան մնաց այնտեղ՝ որպես Քրիստոսի նախամայրերից մեկը (Հռութ 4․18-22; Մատթ․ 1․3-5)։
Երբ քրիստոնյաները մոռանում են, թե ովքեր են, կամ երբ կյանքի հանգամանքները խլում են նրանց պատկանելության զգացումը, Աստված հաճախ օգտագործում է եկեղեցին՝ նրանց կրկին հիշեցնելու, որ նրանք Աստծո զավակներն են։ Նրա մեջ մենք սիրված ենք, ընտրված և ճանաչված։
Ո՞ւմ է Աստված օգտագործել, որ օգնի մեզ հիշել, թե ով ենք մենք։ Ի՞նչ է նշանակում մեզ համար Նրա կողմից ճանաչված լինելը։
Աղոթք – Սիրելի՛ Տեր, օգնի՛ր հավատարիմ մնալ ինքնությանս։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Մնացորդաց 28-29, Հովհաննես 17