Ղուկաս 7․36-48 Ուրբաթ | Հունիս 6
Դրա համար ասում եմ քեզ. սրա բազում մեղքերը ներված կլինեն, որովհետև շատ սիրեց. բայց ում որ քիչ ներվի, նա քիչ կսիրի։ Ղուկ․ 7․47
ԱԶԱՏԱԳՐՈՒՄ ՀՈԳԵՎՈՐ ՊԱՐՏՔԻՑ
Սիմոնը նայում էր վտարման ծանուցմանը և նրա սիրտը լցվում էր հուսահատությամբ։ Կնոջ մահից հետո նա կորցրել էր վերահսկողությունը ֆինանսների նկատմամբ, և պարտքը դարձել էր անտանելի բեռ։ Այդ օրը նա ոչ մի ելք չէր տեսնում։ Մենակության մեջ, ամոթից ու ցավից տանջված՝ նա մտածում էր, թե ինչպես շարունակել ապրել։
Բարեբախտաբար, նրա մասին իմացավ «Քրիստոնյաներն ընդդեմ աղքատության» կազմակերպությունը, և օգնեց ձևակերպել սնանկություն՝ մի գործընթաց, որի շնորհիվ պարտքերը սկզբում «սառեցվում» են, ապա նույնիսկ ամբողջությամբ զրոյացվում։ Շուտով Սիմոնին զանգահարեցին կազմակերպության կենտրոնական գրասենյակից և հայտնեցին, որ նա այլևս ոչ ոքի ոչինչ պարտք չէ, ապա հեռախոսի միջոցով շրթհարմոններով հաղթական մեղեդի նվագեցին։ Այդ խեղճ մարդու համար դա աշխարհի ամենագեղեցիկ ձայնն էր։ Բայց հետո տեղի ունեցավ ավելի զարմանալի բան։ Կազմակերպության հանդիպումներից մեկի ժամանակ Սիմոնը դարձի եկավ, և նրա ներսում տիրեց խաղաղություն, ջերմություն ու հանգստություն։ Այսօր նա լիովին փոխված մարդ է՝ լցված իր Փրկչի հանդեպ խոր շնորհակալությամբ։
Ղուկասի ավետարանում մի կին, ով «մեղավոր» էր համարվում (Ղուկ. 7․37), նույնպես խորապես շնորհակալ էր Քրիստոսին։ Իր երախտագիտությունը նա արտահայտեց՝ արցունքներով լվանալով Նրա ոտքերը և անուշահոտ յուղով օծելով դրանք (հ. 36-38)։ Փարիսեցին, ում տանն այդ ամենը տեղի էր ունենում, նրա մեջ տեսնում էր միայն «մեղավորի», ում Տերը պիտի մերժեր (հ․ 39)։ Սակայն Հիսուսը նրան պատմեց պարտքի ներման մասին առակը և հռչակեց՝ նրա «բազում մեղքերը ներված կլինեն» (հ․ 47)։ Նա տեսավ ոչ թե այդ կնոջ մեղքերը, այլ նրա մեծ սերը (հ. 47)։
Ինչքան էլ հրաշալի լինի պարտքերի զրոյացումը, Քրիստոսի տված ներումն անհամեմատ ավելի մեծ է։ Մեր հոգևոր պարտքը, ամոթն ու մեղքի ծանրությունը, որոնք ճնշում էին մեզ, ամբողջությամբ ջնջված են։ Թող հնչեն երկնային քնարները, քանզի մենք ազատ ենք։
Ինչպե՞ս է այս առակն օգնում մեզ ավելի խորությամբ հասկանալ Քրիստոսի ներման արժեքը։ Ինչպե՞ս կարող ենք այսօր արտահայտել մեր շնորհակալությունը Փրկչին։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ Դու մահացար, որպեսզի մենք ազատագրվենք մեղքի պարտքից։ Թո՛ղ իմ սերն ու երախտագիտությունը Քո հանդեպ տեսանելի լինեն բոլորին։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Մնացորդաց 25-27, Հովհաննես 16