Ա Թագավորների 16. 14-23 Չորեքշաբթի | Հունիս 3
․․․Դավիթը վերցնում էր քնարն ու նվագում իր ձեռքով, և հանգստանում ու լավ էր զգում Սավուղը․․․ Ա Թագ․ 16․23
ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
1915 թվականի նոյեմբերի 21-ին պարոն Էռնեստ Շեքլթոնի և նրա 27 հոգանոց անձնակազմի հույսերը կարծես խորտակվեցին իրենց նավի հետ միասին, որը սուզվեց Անտարկտիդայի սառույցների մեջ։ Մարդիկ հայտնվեցին հազարավոր կիլոմետրերով հեռու իրենց տնից։ Հետագայում նրանք հիշում էին, թե ինչն օգնեց իրենց գոյատևել այդ ծանր պայմաններում։ Այդ գործոններից մեկը Լեոնարդ Հասսիի բանդոնն էր՝ արշավի օդերևութաբանի երաժշտական գործիքը։ Շեքլթոնը նրան ասաց. «Սա հոգու համար ամենակարևոր դեղամիջոցն է, այն մեզ շատ կօգնի»։ Նավաստիներն իրենց օրագրերում գրում էին Հասսիի երաժշտության զորության մասին։ Նրանցից մեկը նույնիսկ բանդոնն անվանել էր «անփոխարինելի»։
Աստվածաշունչը երաժշտությունը ներկայացնում է որպես Աստծո մեծագույն պարգևներից մեկը՝ միջոց, որի օգնությամբ Նրա մխիթարությունն ու բժշկությունը հասնում են մարդու սրտին։ Սավուղ թագավորի ողբերգական պատմության մեջ տեսնում ենք, թե նա ինչպես էր իր անհնազանդության պատճառով տառապում չար ոգուց (Ա Թագ. 16․14)։ Ի՞նչը կարող էր նրան թեթևություն բերել։ Նրա ծառաներն առաջարկեցին երաժշտությունը։ Նրանք գտան երիտասարդ երաժիշտ Դավթին և բերեցին Սավուղի մոտ։ Երբ չար ոգու հարձակումները սկսվում էին, «Դավիթը վերցնում էր քնարն ու նվագում իր ձեռքով, և հանգստանում ու լավ էր զգում Սավուղը և չար ոգին հեռանում էր նրանից» (հ․ 23)։
Երաժշտությունը պարզապես զվարճանք չէ։ Այն բերում է ուրախություն, նորոգում է հույսը և մխիթարում հոգնած հոգին։ Երաժշտության միջոցով Աստված կարող է յուրահատուկ կերպով հանգստացնել և վերականգնել մեզ։ Սա իսկապես Նրա լավագույն պարգևներից մեկն է։ Տերը մեզ այնքան լավ է ճանաչում, որ հոգ է տանում մեր մասին Իր ստեղծած ամեն ինչի, այդ թվում՝ երաժշտության միջոցով։
Ինչպե՞ս կարող է երաժշտությունը խորացնել մեր հարաբերությունն Աստծո հետ։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ երաժշտության պարգևի և դրա միջոցով օրհնելու համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Մնացորդաց 19-20, Հովհաննես 13. 21-38