.
2026թ., Հունիսի 2

Փիլիպպեցիներին 2. 12-13, 3. 12-16                                                    Երեքշաբթի   |   Հունիս 2

 

 

Որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն ու կատարելն ըստ իր բարեհաճ ծրագրի։ Փիլ․ 2․13     

 

ՓՈԽԱԴԱՐՁ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Սինգապուրում կառավարությունը խրախուսում է քաղաքացիներին բարի գործեր անել «նվիրատվությունների համադրման» համակարգի միջոցով։ Այն մասնավոր անձանց կողմից բարեգործական կազմակերպություններին տրված նվիրատվություններին ավելացնում է նույնքան գումար, իսկ երբեմն՝ նույնիսկ ավելի։ Այս կերպ բազմապատկելով նվիրատուների ներդրումը՝ կառավարությունը մարդկանց ոգեշնչում է ավելի ակտիվ մասնակցել բարեգործական ծառայությանը։

Սա նման է քրիստոնյաների հոգևոր աճի գործընթացին։ Փիլիպպեցիներին ուղղված նամակում Պողոս առաքյալը հավատացյալներին հորդորում է «ահով ու դողո՛վ» գործել իրենց փրկության համար (Փիլ. 2․12) և ձգտել «Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին» (Փիլ. 3․14)։ Սակայն, միևնույն ժամանակ, նա հիշեցնում է, որ հենց Աստված է, Ով մեր մեջ «ներգործում է կամենալն ու կատարելն ըստ իր բարեհաճ ծրագրի» (Փիլ. 2․13)։

Հիսուս Քրիստոսին հավատացողներն արդար չեն դառնում իրենց բարի գործերի շնորհիվ։ Սակայն հոգևոր աճի մեջ կա համագործակցության գաղափարը։ Այն պահանջում է մեր մասնակցությունն ու ջանքը, թեև իրականանում է ոչ թե մարդկային ուժով, այլ Աստծո ներգործությամբ։ Շնորհով փրկված լինելով՝ մենք կոչված ենք ապրել սրբությամբ և անկեղծ ու երախտագետ սրտով արձագանքել Աստծո կոչին։ Երբ ձգտում ենք հնազանդվել Նրան և հաճելի լինել Իր աչքին, Տերն Ինքն է մեզ տալիս անհրաժեշտ զորությունն ու օգնությունը։ Նա ցույց է տալիս մեր սխալները (Փիլ. 3․15), զորացնում է փորձություններին դիմակայելու համար (Ա Կորնթ. 10․13) և կարողություն տալիս գործելու այն, ինչ բարի է Իր առաջ (Եփ. 2․10)։

 

Ի՞նչն է մեզ համար ամենամեծ դժվարությունն Աստծուն հավատարիմ և Նրա աչքին հաճելի ապրելու ճանապարհին։ Ինչպե՞ս կարող ենք ապավինել Սուրբ Հոգու զորությանը։    

 

Աղոթք – Հա՛յր, օգնի՛ր սրբությամբ ու հավատարմությամբ քայլել Քո ճանապարհներով՝ Քո կամքի համեմատ, Որդուդ՝ Հիսուս Քրիստոսի օրինակով։ Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 17-18, Հովհաննես 13. 1-20