Դ Թագավորների 5. 1-3, 9-11, 13-14 Կիրակի | Մայիս 31
«Երանի թե իմ տերը լիներ Սամարիայում գտնվող մարգարեի առաջ, և նա նրան կբժշկեր իր բորոտությունից»։ Դ Թագ․ 5․3
ԱՍՏԾՈ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
Դեռահասության տարիներին ես և Լիզան՝ մեր եկեղեցուց մի աղջիկ, բավական լարված հարաբերություններ ունեինք։ Այդ պատճառով ես տխրեցի, երբ իմացա, որ ամառային երիտասարդական ճամբարում մենք լինելու ենք նույն սենյակում։ Շաբաթն անցավ հանգիստ, մենք քաղաքավարի էինք միմյանց հանդեպ, բայց իրական մտերմություն այդպես էլ չձևավորվեց։
Ճամբարի ամենասպասված միջոցառումը շաբաթվա վերջում խարույկի մոտ անցկացրած երեկոն էր։ Սակայն հենց այդ օրը ես բարձր ջերմություն ունեցա։ Մահճակալին պառկած՝ լսում էի դրսից եկող ծիծաղն ու երաժշտությունը։ Հանկարծ ներս մտավ Լիզան՝ ջերմաչափը ձեռքին։ «Ես չեմ գնա խարույկի մոտ», - ասաց նա,- դու հիվանդ ես, ես քեզ հետ կմնամ»։ Լիզան կարող էր զվարճանալ մյուսների հետ, բայց որոշեց հոգ տանել իմ մասին։ Այդպես մենք ընկերացանք։
Նմանատիպ հոգատարության օրինակ տեսնում ենք նաև Նեեմանի պատմության մեջ։ Սիրիայի զորապետի կնոջը ծառայում էր գերեվարված մի աղջնակ (Դ Թագ. 5․2)։ Ընտանիքից կտրված ծառայության մեջ՝ նա կարող էր ուրախանալ, որ իր տերը տառապում է բորոտությամբ։ Սակայն հավատը նրան մղեց այլ ճանապարհի։ Նա ասաց իր տիրուհուն․ «Երանի թե իմ տերը լիներ Սամարիայում գտնվող մարգարեի առաջ, և նա նրան կբժշկեր իր բորոտությունից» (հ․ 3)։ Եվ իսկապես, Աստված օգտագործեց Եղիսե մարգարեին՝ Նեեմանին բուժելու համար (հ․8-14)։
Իմ ընկերուհի Լիզան և անուն չունեցող իսրայելացի աղջիկը որոշեցին հոգատարություն դրսևորել, և Տերը նրանց միջոցով գործեց։ Նման քայլերն արտացոլում են Աստծո բարեսիրտ վերաբերմունքը յուրաքանչյուր մարդու հանդեպ։
Ինչո՞ւ է երբեմն դժվար ընդունել ուրիշների օգնությունը։ Ինչպե՞ս կարող է մեր փոքր հոգատարությունը միջոց դառնալ, որով մարդիկ ճանաչեն Աստծուն և զգան Նրա սերը:
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ ենք անսահման սիրուդ համար։ Օգտագործի՛ր մեզ՝ ուրիշներին օգնելու և Քո սերը տարածելու համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Մնացորդաց 13-14, Հովհաննես 12. 1-26