Ղևտական 26. 40-45 Հինգշաբթի | Մայիս 28
Եթե խոստովանեն իրենց հանցանքներն․․․ այն ժամանակ կհիշեմ Հակոբի, Իսահակի և Աբրահամի հետ արած իմ ուխտը։ Ղևտ․ 26․40,42
ԵՍ ԵՄ
Հին կատակերգական ֆիլմերից մեկում տաղանդավոր, բայց մի փոքր անփույթ ծրագրավորողը դառնում է Մարս կատարվող առաջին մարդատար արշավախմբի անդամ։ Պարբերաբար հիմար սխալներ թույլ տալով՝ նա սկսում է գոռալ, - «Դա ես չէի»: Երբ անձնակազմը վայրէջք է կատարում Մարսի վրա, ծրագրավորողն ընկնում է սանդուղքի վերին աստիճանից և գլորվում, նախքան իր զուգընկերը կհասցնի հանդիսավոր կերպով ոտք դնել մակերեսին: Արդյունքում, Մարսի վրա մարդկանց կողմից ասված առաջին բառերն էին. «Դա ես չէի»:
Պատմությունը զվարճալի է, բայց արտահայտությունը կարծես ծանոթ է մեր ականջին։ Երբ մեղքի զգացում է առաջանում, մենք հաճախ արձագանքում ենք նույն կերպ. «Դա ես չէի»։
Աստված ցանկանում է, որ մենք հնազանդվենք։ Բայց նաև գիտի, որ մենք հակված ենք երբեմն գործելու մեր կամքով։ Ղևտացիների գրքում Տերը ներկայացրեց Իր ծրագիրը Իսրայելի համար (Ղևտ. 26․1-13)։ Կոչ անելով ժողովրդին պահպանել Իր օրենքը՝ Նա խոստացավ. «Ձեզ բարի աչքով կնայեմ, ձեզ կաճեցնեմ․․․» (հ․ 9)։ Անհնազանդությունը, սակայն, կհանգեցներ անեծքի և տառապանքի, որը նախատեսված էր իսրայելացիներին ապաշխարության տանելու համար։ Եվ այդ դեպքում, եթե «խոստովանեին իրենց հանցանքներն ու իրենց հայրերի հանցանքները» (հ․ 40), Տերը խոստանում էր հիշել Իր ուխտը։
Աստծո հետ հարաբերությունների վերականգնման բանալին սեփական սխալների ընդունումն է։ Պատասխանատվությունն ուրիշների վրա դնելը չի ազատում մեզ մեղքի զգացումից և զրկում է ներման շնորհը ստանալու հնարավորությունից։ Եթե մեզ Աստծուց հեռու ենք զգում, եկե՛ք խոստովանենք մեր սխալները՝ ասելով «ես էի»:
Ինչպե՞ս ենք սովորաբար արձագանքում, երբ հասկանում ենք, որ սխալ ենք վարվել։
Աղոթք – Տե՛ր, ուզում եմ անկեղծ լինել Քեզ հետ։ Օգնի՛ր գալ Քեզ մոտ այնպիսին, ինչպիսին կամ՝ ճանաչելով Քո շնորհի և ներման ազատությունը։ Ամեն
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Մնացորդաց 4-6, Հովհաննես 10. 24-42