Փիլիպպեցիներին 1. 18-21 Չորեքշաբթի | Մայիս 27
․․․ուրախ եմ և ուրախ էլ կլինեմ․․․ Փիլ․1․18
ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ
Քաղցկեղի բուժումը Նենսիի մոտ բազմաթիվ խոցեր առաջացրեց բերանում և կոկորդում։ Դրանց պատճառով նա չէր կարողանում նույնիսկ մի կտոր հաց կուլ տալ։ Օրեր շարունակ՝ նրա միակ սնունդը կաթն էր։ Նրա համար մեծ զորություն դարձավ Հիսուսին ճանաչելու ուրախությունը, ինչպես նաև թոռնիկերի աջակցությունը։ Նրանց հետ շաբաթական հանդիպումներն օգնում էին չկենտրոնանալ ցավի վրա և չմնալ հիվանդության ծանր զգացումների մեջ։ «Եթե տղաները չլինեին, հավանաբար կհանձնվեի», - անկեղծորեն խոստովանում էր Նենսին։
Պողոս առաքյալը նույնպես դժվար ժամանակներում մխիթարություն էր գտնում Հիսուսի մեջ և մարդկանց հետ ունեցած հարաբերություններում։ Քրիստոսն Իր ներկայությամբ լցնում էր նրա սիրտը կատարյալ ուրախությամբ։ Այդ պատճառով նույնիսկ բանտում գտնվելիս՝ (Փիլ․ 1․13) Պողոսն ուժ էր գտնում քաջալերելու ուրիշներին։ Նա խոսում էր այն ուրախության մասին, որը բխում է միաբան Ավետարանը քարոզելուց և երկնքում սպասվող փառավոր ապագայի վստահությունից (հ. 3-5, 18, 20)։ «Ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ», - գրում էր նա (հ․ 21)։
Պողոսը կարող էր ուրախանալ, քանի որ Հիսուսը նրա կյանքն էր։ Նրա գոհությունն ու ներքին ապահովությունը կախված չէին հանգամանքներից, այլ այն գիտակցումից, որ ինքը պատկանում է Քրիստոսին։ Հետևաբար, նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում նա կարող էր գրել իր ընկերներին. «Միշտ Տիրոջով ուրա՛խ եղեք. դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք» (Փիլ. 4․4)։
Եկե՛ք մենք նույնպես ուրախություն գտնենք Հիսուսի մեջ, ով սիրում է մեզ, հոգ տանում մեր մասին և զորություն տալիս՝ ուրախանալու ցանկացած հանգամանքում։
Ի՞նչ դժվարությունների միջով ենք անցնում մենք այսօր։ Ի՞նչ է փոխվում մեր սրտում, երբ հիշում ենք, որ Հիսուսը միշտ մեր կողքին է։
Աղոթք – Տե՛ր, երբ կյանքիս ընթացքը դժվարանում է, օգնի՛ր վստահել Քեզ և խաղաղություն գտնել Քո ներկայության մեջ։ Ամեն
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Մնացորդաց 1-3, Հովհաննես 10. 1-23